Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը:
Պաշտպան Գրիգորյանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՄԻՊ գրասենյակում, ընդգծել է, որ խոսքի ազատության ապահովումը մարդու իրավունքների պաշտպանի Սահմանադրական մանդատի ներքո է և, որ լրագրողներն ու մեդիա համայնքն իր բնական աջակիցներն են՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը լավագույնս իրականացնելու հարցում:
Քրիստիննե Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել հաստատության Սահմանադրական մանդատն ու գործունեության ուղղությունները՝ շեշտելով հաստատության նկատմամբ հանրային բարձր վստահության փաստը։
Թերեզա Ռիբեյրոն իր հերթին լավագունն է մաղթել Քրիստիննե Գրիգորյանին՝ Մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատու առաքելության ընթացքում՝ վստահություն հայտնելով, որ նա իր ավանդը կբերի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բարելավման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադառնալով մեդիայի և խոսքի ազատության պաշտպանության կարևորությանը՝ շեշտել են, որ մամուլի անհամաչափ ու ոչ անհրաժեշտ սահմանափակումները միայն վնասում են երկրում ժողովրդավարական զարգացմանը։ Կողմերը միաժամանակ ընդգծել են նաև որոշ դեպքերում տեղեկատվական մանիպուլյացիայի, ատելության հրահրման, և թիրախավորման նպատակներով մեդիայի միջոցների ու հնարավորությունների օգտագործման անթույլատրելիությունը:
Պաշտպան Գիրգորյանը Թերեզա Ռիբեյրոյին ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում մամուլի ազատության հարցերի վերաբերյալ քննվող երկու գործերի մանրամասները՝ նշելով, որ խոսքի և մեդիայի ազատության ապահովման ոլորտում կարևորում է քննարկումների ներառականությունն ու կարգավորումների իրավական որոշակիությունը՝ որպես իրավունքի խախտումների կանխարգելման երաշխիք: Պաշտպանը միաժամանակ նշել է մեդիագրագիտության բարձրացման, ինչպես նաև պատասխանատու լրագրողական գործելակերպերի խթանման անհրաժեշտությունը:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հետագա համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: