Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել
է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:
Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական
կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին
առնչվող հարցեր։ Մասնավորապես, Թիերի Ռիբոն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների
և քաղաքացիական անձանց հետ տարվող աշխատանքներին, ներառյալ ինչպես 2020 թվականի պատերազմից
առաջ, այնպես էլ դրանից հետո անհետ կորած անձանց առնչությամբ իրականացվող աշխատանքներին:
ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է նաև 44-օրյա պատերազմից
հետո ԿԽՄԿ մանդատի շրջանակում Արցախում իրականացվող ծրագրերը:
Իր հերթին Պաշտպանը պատվիրակության ղեկավարին է ներկայացրել
նախորդ շաբաթ Արցախ կատարված այցի ընթացքում արձանագրած փաստերն ու հետևությունները: Պաշտպանը նշել է, որ հատկապես
մտահոգիչ է համարում շփման
գծին կամ ադրբեջանական
հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝
վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած դեպքերը:
Պաշտպանի դիրքորոշմամբ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից
կառավարվող քաղաքականության արդյունք է: Նման քաղաքականության ապացույց է նաև երկու
հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները,
ովքեր դատապարտվել են համապատասխանաբար և 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը
նշել է, որ դրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:
Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել Հայաստանում ԿԽՄԿ
պատվիրակության և ՄԻՊ հաստատության միջև համագործակցության դերը մարդու իրավունքների
և մարդասիրական իրավունքների պաշտպանության հարցում՝ վերահաստատելով համագործակցելու
իրենց պատրաստակամությունը: