Այցի ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնյաների հետ, հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների ու տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուների, ծանոթացել նրանց խնդիրներին, այցելել տեղահանված արցախահայության ժամանակավոր բնակության վայր, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց կարիքներին:
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ և աշխատակազմերի մասնակցությամբ մանրամասն քննարկել և նախանշել առաջիկա համագործակցության երեք կարևոր ուղղությունները. Հայաստանում հաստատված տեղահանված արցախահայության, ներառյալ ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը, ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության փաստերի հավաքագրումն ու միջազգային իրավասու մարմիններին ներկայացումը, ինչպես նաև Արցախի Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ զարգացմանը նպաստելը՝ տարբեր մեխանիզմներով:
Երկու կողմերը վերահաստատել են հանձնառությունը՝ շարունակելու հաստատությունների՝ արդեն ավանդույթ դարձած սերտ համագործակցությունը:
Աշխատանքային այցի ընթացքում Տիկին Պաշտպանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի պաշտպանների փոխհամագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Այնուհետև Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձել են պաշտպանի հաստատությունների առջև դրված մարտահրավերներին ու հնարավորություններին առնչվող հարցերին, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ։
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպում է ունեցել նաև Արցախի Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ, ով մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմից սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը խաթարելու, բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու ու խուճապ ստեղծելու միտված գործողությունների վերաբերյալ։
Այնուհետև Քրիստիննե Գրիգորյանը այցելել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին և տեղեկացել ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախալի լուրերին. պատերազմից հետո գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել ու հաստատվել են հայրենի Խրամորթում:
Օրվա ավարտին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը այցելել է տեղահանվածների ժամանակավոր բնակության վայրերից մեկը, ծանոթացել բնակիչների պայմաններին ու խնդիրներին, ջերմ զրույցներ ունեցել ընտանիքների հետ: