Այսօր ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները
կատարող Հակոբ Արշակյանը Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել
է Պաշտպանի աշխատակազմին՝ նոր պաշտպանի լիազորությունների կատարմանն անցնելու առիթով։
Հակոբ Արշակյանը նշել է, որ Քրիստիննե Գրիգորյանը օժտված է մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշներով,
որում շուտով կհամոզվի նաև աշխատակազմը:
Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն
է հայտնել ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանին ներկայացման համար։
Նորընտիր պաշտպանը նշել է, որ արդեն առիթ ունեցել է ծանոթանալու աշխատակազմի հետ և
ընթացիկ աշխատանքների առավել մանրամասն քննարկումներն առջևում են։ Քրիստիննե Գրիգորյանը
շեշտել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը հավուր պատշաճի իրականացնելու
գործում կենտրոնական նշանակություն ունեն բարձր մասնագիտական կարողություններով ու
մարդկային հատկանիշներով օժտված և առաքելության գիտակցմամբ մարդիկ, ովքեր այսօր աշխատում
են Պաշտպանի աշխատակազմում և ներկա են այս դահլիճում։
Առիթն օգտագործելով Քրիստիննե
Գրիգորյանը նաև շնորհակալություն է հայտնել
բոլոր անձանց, ովքեր հիմնադրումից ի վեր աշխատել են աշխատակազմում և իրենց ներդրումը
բերել հաստատության կայացման համար։ Միևնույն ժամանակ նորընտիր պաշտպանը նշել է, որ
ինստիտուտի զարգացման ու շարունակական կայացման համար դեռևս անելիքներ շատ կան։ Քրիստիննե
Գրիգորյանը հույս է հայտնել, որ աշխատակազմի հետ միասնական ու նվիրված աշխատանքով հնարավոր
կլինի պատվով ու իրապես պրոֆեսիոնալիզմով իրականացնել այս կարևոր առաքելությունը՝ միտված
անձանց իրավունքների պաշտպանությանն ու իրավունքակենտրոն քաղաքականությունների առաջմղմանը
մեր երկրում։
Նկատի ունենալով, որ Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից,
Ք. Գրիգորյանը շեշտել է օրենսդիր մարմնի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը։