ՀՀ
մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց աշխատանքային
իրավունքների մի շարք խնդիրների վերաբերյալ, որի հիմքում Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների
ուսումնասիրությունն է:
Հաշվի
առնելով 2021 թվականի ընթացքում աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում առավել
հաճախ հանդիպած խնդիրներն ու Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումները՝ առանձնացվել
են երեք հիմնական իրավունքներ, որոնց շուրջ կատարվել է հետազոտությունը՝
1.
Աշխատանքը կամայական չկորցնելու իրավունք,
2. Հանգստի իրավունք,
3.
Վարձատրության իրավունք։
Յուրաքանչյուր
առարկայական բաժնում ներկայացված են վերաբերելի հիմնարար փաստաթղթերը, միջազգային չափորոշիչները
և բարձր դատարանների իրավական դիրքորոշումները։ Ընդ որում, ներկայացված են թե՛ հայաստանյան
և թե՛ միջազգային աղբյուրները՝ ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի համապատասխան
դրույթները, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի և ԵՄ արդարադատության
դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, և այլն։
Արտահերթ
զեկույցում տեղ են գտել բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված
կոնկրետ առաջարկներ:
Պատրաստվել է նաև իրազեկման թերթիկ, որտեղ ամփոփված են ընդհանուր տեղեկություններ,
թե ինչպես և երբ դիմել ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանին աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերով:
Արտահերթ զեկույցն ու իրազեկման թերթիկը պատրաստվել
է Բուլղարիայի զարգացման օգնության աջակցությամբ
ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում։