ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի գործունեությունը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ օրենսդրության
խախտմամբ տևական ժամանակ չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի և Հ1-ի համաձայնեցված
քաղաքականության հետևանք է:
Այս եզրահանգման համար հիմք
են ծառայել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենից ու Հանրային հեռարձակողի
խորհրդի նախագահից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պարզաբանումները, դրանց բովանդակային
կրկնությունները, շահարկող շեշտադրումներն ու համադրված վերլուծությունները:
Հատուկ ընդգծում ենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Հանրային
հեռուստաընկերությունն իրականացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության
գործունեությունը ոչ միայն չլուսաբանելու, այլ նաև վարկաբեկելու նպատակային քաղաքականություն:
Խոսքը, մասնավորապես, միևնույն հաղորդավարի վարած մի քանի հաղորդումների
մասին է, որոնց ընթացքում նա հնչեցնում է ոչ թե հարցեր, այլ տալիս է ակնհայտ միակողմանի,
մասնագիտական որևէ հիմնավորում չունեցող գնահատականներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
գործունեության վերաբերյալ. ցուցադրելով ակնհայտ տպավորություն, որ ամենից շատ ինքն
է Պաշտպանի մշտադիտարկման օբյեկտիվ արդյունքների ծանր ազդեցության տակ:
Նախ, ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի հարցման պատասխանում Հանրային հեռարձակողի խորհուրդը փորձել է մանիպուլացնել
ժամանակահատվածը և աղավաղել է իրականությունը՝ նախկին հրապարակումները ներկայացնելով`
որպես Պաշտպանի գործունեության պատշաճ լուսաբանում այն դեպքում, երբ ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի մշտադիտարկումը և եզրահանգումները վերաբերել են կոնկրետ ժամանակաշրջանի՝
2021թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 2 ու այս պրակտիկան շարունակվում է:
Երկրորդ, Մարդու իրավունքների
պաշտպանի սույն հայտարարության առիթ դարձավ նաև fip.am-ի «Ընտրողական մոտեցում և շահերի
բախում․ ՄԻՊ գրությանը ՀՀԽ արձագանքի հետքերով» վերտառությամբ կարևոր հրապարակումը. այստեղ
ուղիղ շեշտադրված է փաստը, որ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներից մեկը՝ նախորդ
գումարման ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, Հանրային հեռուստաընկերության
լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի ամուսինն է:
Ստացվում է՝ «վերադաս» և
«ենթակա» պաշտոնյաներն ընտանիքի անդամներ են:
Ընդ որում, հենց Վ.Թևոսյանն
էլ մասնացել է Մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած հարցի քննարկմանն ու պատասխանի
կազմմանը, որ վերաբերում է Հանրային հեռուստաընկերությանը: Այսինքն` ամուսինը մասնակցել
է իր կնոջ ղեկավարած միավորի (մարմնի) կողմից ՀՀ օրենսդրությունը խախտելու, կողմնակալ
լինելու, մարդու իրավունքները խախտելու մասին հարցի քննարկմանը:
Ակնհայտ է, որ այստեղ գոյություն
ունի շահերի բախում, և ակնհայտ առաջացնում է «Լուրեր» հաղորդման կողմնակալության հարց:
Ավելին, սա իրական գործոն
է, որ կասկածի տակ է դնում Հանրային հեռարձակողի խորհրդի անկողմնակալությունն առհասարակ.
սա լուրջ հարց է առաջացնում, թե շահերի ակնհայտ բախման այս պայմաններում ինչպես է ապահովվում
ՀՀԽ-ի լիազորությունների պատշաճ կատարումը:
Ընդ որում, Մարդու իրավունքների
պաշտպանին ուղղված պատասխանն էլ Հանրային հեռարձակողի խորհրդի կայքում տեղադրված է
ողջ խորհրդի անունից, հետևաբար նշանակում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված
պատասխանի կազմմանը մասնակցել և որոշումը կայացրել են խորհրդի բոլոր անդամները, այդ
թվում` ԱԺ նախկին պատգամավոր Վ.Թևոսյանը։
Հանրային հեռուստաընկերության
գործադիր տնօրենի պատասխանից ակնհայտ է, որ նա չի տիրապետում իր ղեկավարած հեռուստաընկերության
«Լուրեր» թողարկման աշխատանքային սկզբունքներին. սա այն դեպքում, երբ ինքը մասնագիտությամբ
լրագրող է և ունի լրատվական բնույթի հաղորդումներում աշխատելու երկարամյա փորձ:
Ըստ այդմ, հանրությանը ներկայացնում
ենք հիմնական նշանակության մի քանի հարցադրում (ընդամենն օրինակներ), որոնց պատասխաններն
այդպես էլ չեն տրվել:
1. Ինչպե՞ս է ստացվել,
որ պաշտոնական հաղորդագրությունների հրապարակման պահանջ ունեցող «Լուրեր»-ի թողարկումը
բացահայտ միակողմանիորեն եթեր է հեռարձակել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններն
ակնհայտ անհիմն հերքող պետական մյուս մարմինների հաղորդագրությունները, բայց ինքնին
բուն խնդիրների վերաբերյալ Պաշտպանի հաղորդագրություններին Հ1-ը որևէ անդրադարձ չի
կատարել։
2. Ինչպե՞ս է ստացվել, որ 5 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի կամ աշխատակազմի ներկայացուցչի հետ որևէ անգամ որևէ թեմայով հարցազրույցի
հրավեր «Լուրեր»-ից չի նախաձեռնվել։ Մարդու իրավունքներին վերաբերող հարցերում որևէ
անգամ չի պարզվել, թե ինչ դիրքորոշում կամ գործունեության արդյունքներ ունի Մարդու
իրավունքների պաշտպանը:
3. Ինչպե՞ս է ստացվել, որ, օրինակ, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի
2-ը Սյունիքի մարզում փաստահավաք աշխատանքներին, ադրբեջանական խախտումներին ոչ միայն
անդրադարձ չկա որևէ թողարկման ընթացքում, այլ հակառակը՝ այդ օրերին եթեր են հեռարձակվել
միակողմանի, սահմանային իրական վիճակն ու փաստերը խեղաթյուրող բազմաթիվ ռեպորտաժներ,
որոնք հակադրվում են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը, օրինականացնում են
ադրբեջանական հանցավոր արարքները:
Որևէ նյութում անդրադարձ չկա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
դիրքորոշումներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
4. Ինչպե՞ս է հիմնավորվում, որ հատկապես արգելափակված է ադրբեջանական
զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունների լուսաբանումը:
Հանրային հեռուստաընկերության
գործադիր տնօրենի և Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի` Մարդու իրավունքների պաշտպանին
ուղղված պատասխաններում առկա են նաև ձևակերպումներ, որոնք շատ ավելի են հարցեր առաջացնում,
քան պարունակում են պատասխաններ:
Օրինակ՝ մի դեպքում Հանրային
հեռուստաընկերության գործադիր տնօրենը նշում է. «Որևէ միտում չկա մարդու իրավունքների
պաշտպանի հայտարարությունները կամ գործունեությունը չլուսաբանելու, եթե այդպիսի լուսաբանման
վերաբերյալ կա հանրային պահանջ և համագործակցության ցանկություն Ձեր կողմից», իսկ մեկ
այլ հատվածում ավելացնում. «Իսկ կոնկրետ Ձեր գործունեությանը և Ձեզ անդրադարձ կատարվել
է մի շարք դեպքերում, երբ այդպիսի լուսաբանումը կարծել ենք պահանջարկ ունի հանրային
հեռարձակողի հեռուստալսարանի համար»։
Օբյեկտիվ դիտողի մոտ ակնհայտ
հարց է առաջանում, թե ինչպե՞ս կամ ի՞նչ չափանիշով են Հ1-ում գնահատում, թե ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի ո՞ր հայտարարությունը «պահանջարկ ունի հանրային հեռարձակողի
հեռուստալսարանի համար» և որը չունի։
Ավելին, օրվա լուրերը կամ
եթեր հեռարձակվող թեմաները որոշելու հարցում Հանրային հեռուստաընկերության համար, որը
ՀՀ կառավարության հիմնադրած հանրային հեռարձակող է, «կարծել»-ը չի կարող օբյեկտիվ չափանիշ
լինել:
Կամ հարց է առաջանում, թե
ինչպե՞ս է որոշվում հանրային պահանջը կամ համագործակցության ցանկությունը. հատուկ ընդգծում
ենք, որ նախորդող գրեթե 5 տարիների ընթացքում Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ
լուսաբանումն իրականացվել է բարեխղճորեն և բազմակողմանի, ուստի բացառիկ են եղել են
դեպքերը, երբ Պաշտպանի աշխատակազմի համապատասխան բաժինը դիմել է այս կամ այն հարցը
լուսաբանելու խնդրանքով։
Մեկ այլ դեպքում էլ և´ Հանրային
հեռուստաընկերության գործադիր տնօրենը, և´ Հանրային հեռարձակողի խորհուրդը լրատվական թողարկումները
համեմատության մեջ են դնում Հանրային հեռուստաընկերության այլ ձևաչափի հաղորդումների
հետ՝ փորձելով հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում, զինծառայողների
բժշկական օգնության ու բնակարանային ապահովման, կանանց ու երեխաների իրավունքների,
առողջապահական ու սոցիալական և այլ ոլորտներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած
խնդիրների չլուսաբանումը քողարկել հեռուստատեսային այլ ֆորմատների հաղորդումներում
դրանց անուղղակի անդրադարձով. այսինքն՝ կրկին
Պաշտպանի հաստատության դիրքորոշումները շրջանցելով:
Նախ, բոլորի համար պարզ
է, որ մարդիկ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջնային տեղեկություններ
են ստանում գլխավորապես լուրերի միջոցով, այլ ոչ թե այլ ձևաչափերի հեռուստահաղորդումների։
Դրանից բացի, հատուկ ընդգծում ենք, որ այդ ոլորտների հարցերի զգալի մասում Մարդու իրավունքների
պաշտպանը տվյալների բացառիկ աղբյուր է, այլընտրանք ապահովող սահմանադրական հաստատություն՝
որպես շատ հարցերում առաջնային աղբյուր և դա պայմանավորված է հաստատությանը Սահմանադրությամբ
ու միջազգայնորեն վերապահված երաշխիքներով (oրինակ՝ անարգել այցեր ցանկացած հաստատություն
ցանկացած ժամի)։
Հատուկ ընդգծում ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չունի
հավակնություն ամեն օր, տարբեր թողարկումներով հայտնվել հեռուստաեթերում, այստեղ հարցն
ինստիտուցիոնալ է. անտեսված են մարդու իրավունքներին վերաբերող կարևորագույն խնդիրներ,
տեղի է ունենում ՀՀ օրենսդրության ոտնահարում, որ դատապարտելի գործելաոճով տևական ժամանակ
անում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը։
Ստացվում է` այս եղանակով «դաս» է տրվում երկրում Մարդու իրավունքների
պաշտպանության միակ ազգային սահմանադրական մարմնին առ այն, որ հաստատության նկատմամբ
քաղաքական կամ Կառավարության վերաբերմունքը փոխվելու դեպքում փոխվելու է նաև Կառավարության
կողմից հիմնադրված հեռուստաընկերության վերաբերմունքը՝ լուսաբանումները դադարեցնելով
և օրենսդրությունը ոտնահարելու հաշվին: Հետագայում վերականգնվելու դեպքում անգամ միևնույնն
է` սա թողնելու է իր անվերականգնելի հետքը:
Այսքանով համարում ենք այս թեմայի հրապարակային արձագանքը սպառված.
այս հայտարարությունը ևս կուղարկվի միջազգային կազմակերպություններին երկրում խոսքի
ազատության վիճակն ու այլակարծության խրախուսումը գնահատելիս հաշվի առնելու, հետագայում
մարդու իրավունքների և օրենսդրության նման խախտումները կանխելու համար: