ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Համլետ Հարությունյանը մասնակցել են զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաքին:
ՊՆ վարչական համալիրում կազմակերպված մասնագիտական հավաքի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են Զինված ուժերում իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման կարևորությունը, բանակում մարդու իրավունքների ապահովման և երաշխավորման տեսանկյունից կարգապահության ամրապնդման անհրաժեշտությունը:
Այս համատեքստում նաև անդրադարձ է կատարվել «Իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը՝ որպես Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք» Մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականի արտահերթ հրապարակային զեկույցին:
Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցիչները նաև ներկայացրել են Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ իրականացված այցերի, դրանց շրջանակներում անցկացված առանձնազրույցների արդյունքում վեր հանված գործնական խնդիրներ:
Առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման, իրավակարգի ապահովման և օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված հարցերը: