Հրապարակում եմ արտահերթ զեկույց` Սահմանադրական դատարանում ձայները հավասար բաշխվելու դեպքում որոշում կամ
եզրակացություն չկայացվելու և դիմումը մերժված համարելու բացասական ազդեցությունը մարդու
սահմանադրական իրավունքների վրա։
Հարցն այն է, որ Սահմանադրական
դատարանը կարող է մերժել քննության ընդունված դիմումը, երբ ՍԴ-ում ձայները հավասար
են բաշխվում ու ՍԴ-ն որոշում կամ եզրակացություն այդ դեպքում չի կայացնում:
Խոսքը վերաբերում է «Սահմանադրական
դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասին, որը դատարանին
հնարավորություն է տալիս մերժված համարելու արդեն քննության ընդունված այն դիմումը,
որի քննարկման վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ
եզրակացություն չի ընդունվում:
Այս հարցով դիմել եմ նաև
Սահմանադրական դատարան, որի համար ազդակ է դարձել 09.12.2020թ. ՍԴ ներկայացված իմ այն
դիմումը, որով վիճարկել եմ ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և
422-րդ հոդվածի սահմանադրականությունը:
Մասնավորապես, խոսքն այդ
դիմումի քննարկման այնպիսի արդյունքի մասին է, որով դիմումը ՍԴ-ն մերժված է համարել
քննարկվող հարցը ձայների հավասարության պատճառով:
Նշված դիմումով վիճարկում
էի այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ
հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար: Սահմանված են միայն
տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու կոնկրետ իրավախախտման հանգամանքները:
ՍԴ-ն իմ այդ դիմումի կապակցությամբ
այդպես էլ ըստ էության որևէ որոշում չի կայացրել:
«Սահմանադրական դատարանի
մասին» սահմանադրական օրենքի կարգավորումը վիճարկվել է՝ ելնելով հետևյալ հիմնական մոտեցումներից.
- Սահմանադրական դատարանին
դիմում ներկայացնելն ու դատարանի կողմից որոշում կայացնելը մարդու իրավունքների պաշտպանության
արդյունավետ միջոց է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության
մասին» եվրոպական կոնվենցիայի իմաստով.
- Սահմանադրական դատարանը
կոնկրետ գործերով իրականացնում է կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության և խախտված
իրավունքների վերականգնման գործառույթ, քանի որ վիճարկվող նորմը կամ դրա մեկնաբանությունը
Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչող ՍԴ որոշման հիման վրա անձի նկատմամբ կայացված
վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման:
Մինչդեռ, Սահմանադրական
դատարանում արդեն քննության ընդունված գործով դիմումը տեխնիկական նկատառումներով մերժվելու
դեպքում, փաստորեն, մարդը զրկվում է իր խախտված իրավունքների վերականգնման այդ հնարավորությունից.
- Սահմանադրական դատարանը
սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության միջոց լինելուց բացի նաև իրականացնում է կանխարգելիչ
գործառույթ:
Սահմանադրական դատարանի
որոշումներում ամրագրված ուղենիշային դիրքորոշումները կանխարգելիչ նշանակություն ունեն
իրավունքների հետագա խախտումները բացառելու և Սահմանադրության ու մարդու իրավունքների
սահմանադրական երաշխիքների ապահովման տեսանկյունից:
Հատուկ ընդգծեմ, որ Մարդու
իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան դիմելը նպատակ ունի ներկայացնելու
անհատական դիմում բողոքների արդյունքներով արձանագրված համակարգային խնդիրները, պայքարել
խնդիրների արմատների դեմ, ինչպես նաև նպաստել դրանց լուծմանը և հետագայում նմանատիպ
խնդիրների և խախտումների բացառմանը:
ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումներով,
փաստորեն, արձանագրվում են Պաշտպանի դիմումներով բարձրացված համակարգային խնդիրները,
վիճարկվող նորմերը ճանաչվում են Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ առնվազն տրվում
են վիճարկվող նորմերի պաշտոնական մեկնաբանություններ:
Մինչդեռ, «Սահմանադրական
դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը կիրառելու արդյունքում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումում նշված համակարգային խնդիրները մնում են
չլուծված, իրավունքների խախտումները՝ չվերացած՝ դրանով իսկ առկախված թողնելով վիճարկվող
նորմի իրավաչափության հարցն, առհասարակ:
Ստացվում է՝ ՍԴ-ն կարող
է հրաժարվել իրավունքների պաշտպանությունից՝ մարդուն թողնելով իր խնդիրների հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի
դեպքում դա էլ իր հերթին անխուսափելի բացասական ազդեցություն է ունենում Պաշտպանի աջակցությունը
ստանալու
յուրաքանչյուրի սահմանադրական
իրավունքի, Պաշտպանի սահմանադրական գործառույթների վրա, խաթարում է հանրային վստահությունը
սահմանադրական այս հաստատության նկատմամբ:
Սահմանադրական դատարանում
քննվող գործի վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունն
ընդգծվում է հատկապես այն բանի հաշվառմամբ, որ Սահմանադրական դատարանի որոշումների
պատճառաբանական մասում շարադրված իրավական դիրքորոշումները իրավունքի աղբյուր են և
իրենց բնույթով հանդիսանում են սահմանադրական դրույթների պաշտոնական մեկնաբանություն։
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպան