Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն «Ազգային կանխարգելման մեխանիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջարկությունների իրականացում և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման հիմնախնդիրները» խորագրով 2-օրյա դասընթացներ և քննարկումներ, որոնք վարել են Կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչներն ու փորձագետները:
Միջոցառման շրջանակներում քննարկվել են հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնությանն ու սպասարկմանն առնչվող համակարգային խնդիրները, ներառյալ՝ զսպան միջոցների կիրառման, պացիենտների զննության և հետազոտման չափանիշների, ստացիոնար ընդունելու և դուրս գրելու ընթացակարգերի, իրազեկման և իրազեկված համաձայնության ստացման, հարկադիր և ոչ հոժարակամ բուժման կազմակերպման, սննդից հրաժարման դեպքերի վարման, վնասվածքների արձանագրման և այլ հարցերի վերաբերյալ: Միաժամանակ, ներկայացվել են խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտի ներպետական և միջազգային չափանիշները, Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատը և գործառույթները:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության հոգեբուժական կազմակերպությունների, այդ թվում՝ մարզային, բժշկական անձնակազմերի ներկայացուցիչների (բժիշկներ, փոխտնօրեններ, ավագ բուժքույրեր), ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբույժների, այդ թվում՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքի բժշկական անձնակազմի ներկայացուցիչ: