ՀՀ անվտանգության խորհրդի (ԱԽ) այսօրվա հայտարարությունը՝ կապված
Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների հետ, խախտում է ՀՀ
Սահմանադրությունը և մարդու իրավունքների միջազգային պահանջները:
1) Մասնավորապես, ԱԽ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը հղում է
անում ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների ու նշում, որ Գորիս-Կապան և
Կապան-Ճակատեն ավտոճանապարհների ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող հատվածները
ՀՀ տարածքում չեն գտնվում:
Այնուհետև, ԱԽ հայտարարությունը խոսում է այլընտրանքային
ճանապարհների ցանցի ստեղծման մասին ու դրանով իսկ, ըստ էության, թույլատրելի է
համարում ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վստահ համոզմամբ՝ ԱԽ-ի այս
հայտարարությամբ ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների պահանջները,
անտեսված է այն, որ ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ
ոտնահարում է Հայաստանի բնակչության՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված և
միջազգայնորեն ճանաչված կենսական իրավունքները:
2) Նախ, ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է:
Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի
հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների
հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու
հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող
իրավունք»:
Սահմանադրության 2-րդ գլուխը երաշխավորում է մարդու և քաղաքացու
հիմնական իրավունքները և ազատությունները:
ՀՀ Սահմանադրության 191-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ
Մարդու իրավունքների պաշտպանը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման
մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների
պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը:
Սահմանադրության 52-րդ հոդվածն ամրագրում է նշված մարմինների ու
պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր
իրավունքների և ազատությունների խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի
աջակցությունը ստանալու յուրաքանչյուր անձի բացարձակ սահմանադրական իրավունքը:
ԱԽ-ի հայտարարությունը միջազգային պահանջների թվում անտեսել է ԵԱՀԿ
2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և
դեմարկացիայի վերաբերյալ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի
2021թ. ուղեցույցը միջազգային սահմաններին մարդու իրավունքների վերաբերյալ և այլն:
Այս ակտերն ամրագրում են մարդու իրավունքները՝ որպես սահմանային ցանկացած
գործընթացի պարտադիր բաղադրատարր:
3) Խնդիրն այն է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը
2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո մինչ օրս, այդ թվում՝ կապված
2021թ. նոյեմբերի 10-ին և 14-ին հայտարարված համապատասխանաբար Գորիս-Կապան և
Կապան-Ճակատեն ճանապարհներին, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային
հսկողության անցակետեր սահմանելու հետ, տեղում այցերով և մշտադիտարկմամբ,
Պաշտպանին հասցեագրված անհատական ու կոլեկտիվ կոնկրետ բողոքների քննությամբ ձեռք է
բերել հավաստի փաստեր այն մասին, որ այդ ճանապարհներին ադրբեջանական զինված
ծառայողների հայտնվելու պահից խախտված են Հայաստանի քաղաքացիական բնակչության
կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության,
սեփականության, տնտեսական գործունեության ազատության իրավունքները, երեխայի շահերը
և այլն: Չկան այս իրավունքների պաշտպանության, խախտում կատարողներին
պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ և այլն:
Մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհին արձանագրվել են ՀՀ
բնակչության իրավունքները խախտող ադրբեջանական արարքների այնպիսի փաստեր, ինչպիսիք
են՝ ճանապարհը Որոտանի և Դավիթ Բեկի հատվածներում օգոստոսի 25-27-ը դիտավորությամբ
կամայական փակելը, դրանով ՀՀ Նոր Առաջաձոր, Բարձրավան, Որոտան, Շուռնուխ
բնակավայրեր մեկուսացման և հումանիտար ճգնաժամի առաջ դիտավորյալ կանգնեցնելը,
քաղաքացիական մեքենաների ուղղությամբ քարեր նետելը, մայթեզրին՝ ադրբեջանական
դիրքերի հարևանությամբ կանգնելու փորձ կատարող քաղաքացիական մեքենաներին զենքով
սպառնալը, ահաբեկելու նպատակով ավտոբուսով երեխաների կանգնեցնելը, ՀՀ-ում օրինական
հիմունքներով գտնվող Իրանի քաղաքացիներից անօրինական վճարներ գանձելը, նրանցից մեքենայի
վառելիք տրամադրելու և այլ անօրինական պահանջներ ներկայացնելը և այլն:
Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, անցակետի
պատճառով հումանիտար լրջագույն խնդիրների վտանգի առաջ է կանգնում Կապան համայնքի 6
գյուղի՝ Ճակատենի, Շիկահողի, Սրաշենի, Ծավի, Ներքին Հանդի, Շիշկերտի
բնակչությունը: Դրանից բացի, փաստերը հաստատում են, որ պատերազմից հետո
ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն այդ ճանապարհի տարբեր
հատվածներում ինքնին խաթարել է նշված բնակավայրերի քաղաքացիական բնակչության ազատ
տեղաշարժը, արձանագրվել են ճանապարհի մայթեզրին նրանց զենքով ու դիմակավորված
հայտնվելու փաստեր (այդ թվում՝ նոյեմբերի 14-ին): Պետք է հիշել, որ 2021թ.
փետրվարի 26-ին այս ճանապարհը մի քանի ժամով փակվել էր ադրբեջանական զինված
ծառայողների սադրանքի պատճառով:
Եվս մեկ կարևոր հանգամանք՝ այլընտրանքային ճանապարհների կառուցում
չի նշանակում, թե դրանով վերացվում է Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին
ներկա ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողներից բխող իրական
սպառնալիքները ՀՀ բնակչության ու հատկապես նրանց տեղակայման դիրքերի հարևանությամբ
գտնվող համայնքների բնակիչների կյանքին ու անվտանգությանը:
Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն
ծառայություններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր
զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել:
Պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները խորացրել
հայատյացությունն ու թշնամանքի քարոզը: Ադրբեջանական զինված ծառայողներն այդ
ճանապարհներին են հայտնվել պատերազմի սպառնալիքի ու ցեղասպան քաղաքականության
արդյունքում (այս փաստերը հաստատվում են ապացույցներով):
Երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա:
Ուստի, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին մեր
գյուղերի մոտ ու ճանապարհներին ՀՀ բնակչության իրավունքների խախտում է:
ՀՀ հանրային իշխանության ցանկացած մարմին, այդ թվում՝ ՀՀ
անվտանգության խորհուրդը պարտավոր է իր գործունեության մեջ, նաև հրապարակային
հայտարարություններում ղեկավարվել մարդու իրավունքների պահանջներով և չի կարող
անել այնպիսի հայտարարություններ, որոնք ոտնահարում կամ վտանգում են մարդու
իրավունքները կամ դրանց պաշտպանությունը դարձնում են անհնար:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան