Երեկ 3 երեխաների ներկայությամբ ընտանիքի հորը Ոստիկանություն
բերման ենթարկելու տեսանյութերի հրապարակումից անմիջապես հետո՝ երեկոյան, Մարդու
իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, կապ է հաստատվել փաստաբանի հետ:
Փաստաբանը տեղեկացրել է, որ մի քանի տասնյակ, այդ թվում՝ զինված
ոստիկաններ իր վստահորդների նկատմամբ գործադրել են բռնի ուժ, թույլ են տվել
երեխաների իրավունքների կոպիտ խախտումներ: Այսօր առավոտյան փաստաբանը նոր
ահազանգով հայտնել է, որ երեկ տեղի ունեցած միջադեպից հետո 5-ամյա տղայի
ինքնազգացողությունը վատացել է, գիշերը երեխան մի քանի անգամ փսխել է և զանգի
պահին շտապօգնության մեքենայով նրան տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական
կենտրոն:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման
խումբ է մեկնել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տեղի են ունեցել
առանձնազրույցներ ու քննարկումներ երեկ ձերբակալված քաղաքացու, նրա կնոջ, 5-ամյա
երեխայի, փաստաբանի, բժշկական կենտրոնի տնօրենի, երեխային բուժօգնություն
տրամադրած բժշկի հետ:
Պարզվել է, որ երեխան այսօր առավոտյան բժշկական կենտրոն է
տեղափոխվել շտապօգնության մեքենայով, ունեցել է սրտխառնոց, նախորդ գիշերվանից 5
անգամ փսխել է: Բժշկական կենտրոն տեղափոխվելու պահին, ինչպես նաև դրանից հետո
երեխան ցնցումների մեջ չի եղել:
Բժշկական կենտրոնում երեխային ցուցաբերվել է անհրաժեշտ
բուժօգնություն, այդ թվում՝ ներարկում: Այնուհետև, երեխայի ինքնազգացողությունը
լավացել է: Հոսպիտալացման կամ հետագա բուժման ցուցում առկա չի եղել:
Ծնողները նշել են, որ բժշկական կենտրոնում իրենց նկատմամբ
ցուցաբերել են պատշաճ վերաբերմունք, երեխային տրամադրվել է անհրաժեշտ
բուժօգնություն:
Ոստիկանների արարքների հետ կապված պարզվել է հետևյալը.
Երեկ մանկահասակ երեխաներին հատկապես վախեցրել է այն, որ մեծ թվով
ոստիկաններ են եկել իրենց տուն, նրանց մի մասը եղել է զինված (զենքերն ակնհայտ
նկատելի են եղել երեխաների համար) և քաշքշելով, հարվածելով տարել են իրենց հորն ու
մորեղբորը, քանդել են իրենց տունը:
Երեխաներից ամենափորքը (5 տարեկան) գտնվել է հոր գրկում, երբ
ոստիկանները կոպիտ քաշքշելով՝ երեխային հարկադրաբար իջեցրել են հոր գրկից և դուրս
տարել տնից, հետո քաշքշելով՝ տարել են հորը, իսկ երեխան սկսել է լաց լինել:
Այնուհետև, ոստիկանները տնից քաշքշելով դուրս են հանել 10 և 13 տարեկան
աղջիկներին, որոնք ևս անընդհատ լաց են եղել:
Բերման ենթարկելու ողջ ընթացքում երեխաներն անդադար լաց են եղել.
այստեղ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ երեխաների հետ որևէ
աշխատանք չի տարվել, որևէ աջակցություն չի ցուցաբերվել, երեխաների շահերի
ապահովման որևէ քայլ չի արվել:
Երեխաների իրավունքների, նրանց շահերի տեսանկյունից հատկապես
դատապարտելի է երեխաների ներկայությամբ ապամոնտաժման աշխատանքների իրականացումն
այն էլ նման լարված մթնոլորտում, ինչպես նաև ոստիկանների նման կոպիտ
վերաբերմունքը, երեխաների ներկայությամբ բռնության գործադրումն իրենց հոր
նկատմամբ:
Ոստիկանները չեն չեզոքացրել երեխաների համար վտանգները. երեխաներին
տնից դուրս հանելուց հետո 5-ամյա երեխան կրկին վազել և մուտք է գործել շինություն,
որը տվյալ պահին նախատեսում էին ապամոնտաժել: Նման իրավիճակը լուրջ ռիսկեր ունի ոչ
միայն երեխաների հոգեբանական վիճակի, այլ նաև ֆիզիկական առողջության համար:
Օրինակ՝ ստեղծված խառնաշփոթ իրավիճակում հնարավոր էր, որ նախքան
ապամոնտաժման աշխատանքները սկսելը ոստիկանները չնկատեին շինություն մուտք գործած
երեխային:
Երեխաների հորը քաշքշելով բերման ենթարկելիս վերջինս, լսելով
երեխաների լացը, խնդրել է իրեն թույլատրել մոտենալ և հանգստացնել նրանց, քանի որ
երեխաները տվյալ պահին եղել են միայնակ, սակայն ոստիկանները չեն թույլատրել: Սա
հատկապես դատապարտելի արարք է: Արդյունքում՝ հոգեբանական ծանր վիճակում գտնվող
երեխաները շինության մոտակայքում կանգնած հետևել են ապամոնտաժման ամբողջ
գործընթացին:
Ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացին նշել է, որ իր երեխաները,
հատկապես վախեցել են բազմաքանակ՝ մի մասը զինված, 40-ից ավել ոստիկանների
ներկայությունից:
Ինքը՝ ձերբակալված քաղաքացին, հայտնել է, որ Ոստիկանության
ծառայողներն իր ձեռքերը ոլորելով և քարշ տալով իրեն տարել են դեպի ոստիկանական
մեքենան, որի ընթացքում պառկեցրել են գետնին և հարվածել: Իր ձեռքերին առկա են
քերծվածքներ, իսկ մեջքի և կողերի հատվածում մինչ այժմ ցավ է զգում:
Բացի այդ, քաղաքացու պնդմամբ՝ բռնություն է գործադրվել նաև իր կնոջ
եղբոր նկատմամբ: Նույնը նշել են նաև երեխաները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին նաև փոխանցվել են
տեղեկություններ, որ Ոստիկանության ծառայողների հետ միասին երեկ նշված հասցեում են
այցելել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները: Փաստաբանի պնդմամբ՝ Երևանի
քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ եղել են ոգելից խմիչքի ազդեցության ներքո այն
աստիճան, որ ակնհայտ է զգացվել պահվածքից ու ալկոհոլի հոտից: Այս հանգամանքները
նույնպես պետք է ստուգման ենթարկվեն:
Երեկ ձերբակալված քաղաքացին տեղեկացրել է, որ Ոստիկանության
Մալաթիայի բաժնում գտնվել է մոտ 2 ժամ, որի ընթացքում իրեն չեն պարզաբանել բերման
ենթարկելու հիմքերը, իր իրավունքներն ու պարտականությունները, միայն վերջում
ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել, որի բովանդակությանը ծանոթ չէ:
Առանձնազրույցների ընթացքում փաստաբանը և քաղաքացին տեղեկացրել են,
որ թե՛ Ոստիկանության ծառայողները, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները
երեխաներից անգամ չեն հետաքրքրվել՝ արդյո՞ք նրանք ունեն բնակվելու այլ վայր:
Միաժամանակ, փաստաբանի պնդմամբ, շինության ապամոնտաժմանը նախորդող
ժամանակահատվածում, ինչպես նաև ապամոնտաժման ընթացքում, անչափահասների այնտեղ գտնվելու
հանգամանքի հաշվառմամբ, ներկա չեն եղել, օրինակ, ո՛չ հոգեբան, ո՛չ մանկավարժ:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ կոնկրետ
այս հայտարարությունը չի վերաբերում շինության ապամոնտաժման, ներառյալ՝ այնտեղ
ոստիկանների ներկայության իրավաչափությանն առնչվող հարցերին: Մարդու իրավունքների
պաշտպանի կողմից այս մասով առանձին քայլեր կձեռնարկվեն:
Ոստիկանների երեկվա արարքները քննարկվել են ՀՀ ոստիկանության
ղեկավար անձնակազմի հետ: Հարցերն արժանացել են Ոստիկանության ղեկավար անձնակազմի
անհրաժեշտ արագ արձագանքին, ինչը կարևոր է նման դեպքերի կանխարգելման
տեսանկյունից:
Քաղաքացիներին բերման ենթարկելիս, ինչպես նաև երեխաների նկատմամբ
ոստիկանների, քաղաքապետարանի աշխատակիցների արարքների առնչությամբ Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություններ կհասցեագրվեն Ոստիկանություն,
Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև քննչական մարմիններին:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան