ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ,
Սիրով շնորհավորում եմ բոլորիդ Հայ մամուլի օրվա կապակցությամբ:
Պետական պաշտոնյաների վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ
որոշվում է ոչ թե խոսքով, այլ նրանով, թե ինչ աստիճան են իրական գործով ապահովում
ձեր անխոչընդոտ աշխատանքն ու հարգանքը լրագրողական պրոֆեսիոնալ գործի նկատմամբ: Ի
վերջո, այս կերպ է զարգացվում այլակարծությունը:
Աշխատանք, որը լի է փորձություններով ու դժվարություններով.
տեղեկություններ հայթայթելու ճանապարհին ձեր աշխատանքը չունի ո՛չ ժամային
սահմանափակում, ո՛չ եղանակային պայմաններն է հաշվի առնում, ո՛չ էլ անհամաչափ
վարձատրությունը: Չի կարելի մոռանալ ձեր անգնահատելի աշխատանքը պատերազմի ժամանակ՝
ադրբեջանական ռմբակոծությունների ու թիրախային հարձակումների պայմաններում:
Իսկապես, պրոֆեսիոնալ ու էթիկայի նորմերով առաջնորդվող լրագրողը
բարձր արժեք է ամուր պետության, զարգացած ժողովրդավարության համար, քանի որ իր
քննադատական խոսքով ու փաստերի ճիշտ շարադրմամբ կարող է հօգուտ հասարակության
փոխել որոշումներ կայացնողների մոտեցումները, ապահովել քաղաքացու
վերահսկողությունը պաշտոնյաների նկատմամբ:
Իզուր չէ, որ հենց ձեզ է պատկանում չորրորդ իշխանությունը, որը
վերահսկողության տակ է պահում իշխանության մյուս բոլոր ճյուղերը:
Շարունակե՛ք ձեր գրիչը ծառայեցնել մեր երկրի հզորացմանը:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան