2021 թվականների ընթացքում, ինչպես նաև նախորդ տարիներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են զինապարտներին
պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու, բժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն
իրականացնող հանձնաժողովների որոշումների, դրանց բողոքարկման և տարկետման իրավունքների
վերաբերյալ բողոքներ։
Շարունակում են արդիական մնալ
զորակոչիկների պատշաճ փորձաքննության և ծառայության համար պիտանիության աստիճանի որոշման
հետ կապված խնդիրները: Սա հատկապես արդիական է այն առումով, որ շուտով մեկնարկելու
է հերթական զորակոչը:
Որևէ կերպ հաշվի չեն առնվում առաջնային փորձաքննությունից տարբերվող և զորակոչիկների սեփական միջոցներով իրականացված
հետազոտությունների արդյունքները կամ զորակոչիկները լրացուցիչ հետազոտության են ուղեգրվում
այն բժշկական հաստատություն, որի հետ կապված բողոք են ներկայացրել: Նման դեպքերում
նույն բժշկական հաստատությունը կարող է կաշկանդված լինել նախկինում իր կողմից տրված
ախտորոշմամբ, իսկ զորակոչիկը կասկածներ ունենալ հետազոտության օբյեկտիվության հետ կապված:
Առանձին խնդիր է նաև զորակոչիկների
առողջական վիճակի վերաբերյալ գանգատների առկայության դեպքում նրանց Կենտրոնական բժշկական
հանձնաժողովի փորձաքննությանը չներկայացնելը: Բացի դրանից, օրենսդրական թերի կարգավորման
պատճառով խնդիրներ են առաջանում նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության
համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողների զորացրման գործընթացի հետ կապված:
Հարցն այն է, որ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների
համար օրենքով սահմանված հիմքերի ծագման պահից զինծառայողի զորացրման հստակ ժամկետ նախատեսված
չէ: Օրենքով այդպիսի ժամկետ սահմանված է միայն պայմանագրային զինծառայողների համար:
Գործող կարգավորումները զինապարտ
քաղաքացու համար չեն նախատեսում իր հրավիրած մասնագետին որպես խորհրդատու փորձաքննությանը
ներգրավելու հնարավորություն: Դա զորակոչիկի մոտ կբարձրացնի հանձնաժողովի որոշման օբյեկտիվության
նկատմամբ վստահությունը:
Բոլոր զորակոչերի ընթացքում որպես
խնդիր է արձանագրվել այն, որ օրենսդրությամբ սահմանված չէ մեկ օրվա ընթացքում փորձաքննվողների
առավելագույն քանակ:
Շարունակում է պահպանվել առանց
տարկետում տալու զորակոչիկի պիտանիության որոշումը հաջորդ զորակոչին թողնելու խնդիրը:
Հարցն այն է, որ հետազոտությունը զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում անձի
վերաբերյալ եզրակացություն չի ներկայացվում և նրա փորձաքննությունն իրականացնում է
հաջորդ զորակոչի ժամանակ, ինչը նախատեսված է Կառավարության վերաբերելի որոշմամբ: Մինչդեռ,
օրենքը նման հնարավորություն չի նախատեսում:
Օրենսդրական թերի կարգավորման
պատճառով անձը, ով օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ժամանելու Հայաստան (ծանր
հիվանդության կապակցությամբ բուժում է ստանում արտերկրում, առկա է այլ երկիր տեղափոխվելու
բժշկական հակացուցում), զրկվել է բժշկական փաստաթղթերի հիման վրա՝ փորձաքննվելու հնարավորությունից,
քանի որ այդպիսի կարգավորում նախատեսված է միայն զորակոչիկների համար:
Մարդու իրավունքների պաշտպանը
չի սահմանափակվում միայն խնդիրների մատնանշմամբ, այլ ներկայացնում է նաև դրանց լուծման
կոնկրետ առաջարկներ:
Մասնավորապես, անհրաժեշտ է՝
ա) զորակոչիկներին ուղեգրել լրացուցիչ հետազոտությունների, երբ զորակոչիկների
սեփական նախաձեռնությամբ և միջոցներով իրականացված հետազոտությունների ախտորոշումներում
առկա են ուղեգրով կատարված հետազոտությունների արդյունքներից էապես տարբերվող և պիտանիության
աստիճանի հնարավոր փոփոխության հանգեցնող տվյալներ,
բ) բացառել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման
ծառայության (զինկոմիսարիատի) ուղեգրով անցած հետազոտությունները բողոքարկող զորակոչիկին
նույն բժշկական հաստատություն ուղեգրելու պրակտիկան,
գ) զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ
ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բժշկական հանձնաժողովի կողմից
ներկայացված եզրակացության հետ համաձայն չլինելու բոլոր դեպքերում զորակոչիկներին ներկայացնել
Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը՝ ապահովելով գործող իրավակարգավորումների
պահանջը,
դ) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի
մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ հիմքերի ծագման դեպքում զինվորական ծառայությունից
արձակման հստակ ժամկետ նախատեսելով նաև շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների
համար,
ե) Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ
405-Ն որոշմամբ սահմանել, որ փորձաքննվողը բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների
նիստերին որպես խորհրդատու կարող է ներգրավել համապատասխան մասնագետի,
զ) սահմանել մեկ օրվա ընթացքում առողջական վիճակի փորձաքննություն
իրականացնելու զինապարտ քաղաքացիների առավելագույն թվաքանակը,
է) վերանայել Կառավարության 2018 թվականի ապրիլի
12-ի թիվ 405-Ն որոշման կարգավորումը և ամրագրել, որ լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական
հետազոտությունը հայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում զորակոչիկները
ճանաչվում են բուժման կարիք ունեցող, և նրանց տրվում է տարկետում մինչև հաջորդ զորակոչ,
ը) Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ
405-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողով կամ
ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն ներկայացված փաստաթղթերի հիման
վրա փորձաքննություն կատարելու հնարավորություն նախատեսելով նաև պահեստազորում հաշվառված,
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բուժում ստացող և բժիշկների անմիջական հսկողության
տակ գտնվող կամ տեղափոխումը հակացուցված անձանց համար և այլն։
Մարդու իրավունքների պաշտպանի այս և մյուս առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն:
Մանրամասները տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ: