Պետությունը տարեցների համար պետք է ստեղծի բոլոր պայմանները,
որպեսզի նրանք իրենց զգան գնահատված ու հասարակությունից չմեկուսացած։ Այս մասին
Տարեցների միջազգային օրվա առթիվ կազմակերպված Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ
միջազգային կոնգրեսի ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման
Թաթոյանը։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ու Ռուսաստանի Դաշնության
Կառավարության աջակցությամբ Տարեցների առողջության ու խնամքի ապահովման
ասոցիացիայի, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի կազմակերպած
կոնգրեսի բացմանը կարևորվել է այն մոտեցումը, որ կենսաթոշակային տարիքից հետո,
կյանքը չի ավարտվում, չեն սահմանափակվում նրանց հնարավորությունները և
իրավունքները։
Տարեց մարդկանց ներուժը գնահատելու գործում հարկավոր է ունենալ
տարեցների կարիքներին արձագանքող, առողջ երկարակեցությունը խթանող առողջապահական
համակարգ։
Արման Թաթոյանը շեշտել է, որ բնակչության ծերացումն ու դրա
հետևանքների հաղթահարումը մեծ մարտահրավեր է նաև Հայաստանի համար և վիճակագրական
տվյալները ցույց են տալիս, որ ակտիվ աշխատանքներ չիրականացնելն այդ ուղղությամբ
լրջագույն խնդիրների առաջ է կանգնեցնելու պետությանը տասնամյակներ անց։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև
տուն-ինտերնատներում, հոգեբուժական հաստատություններում բնակվող տարեց անձանց
հասարակություն ինտեգրելու, նրանց կարողությունները բացահայտելու ու փորձը
գնահատելու ուղղությամբ աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը։ Արման
Թաթոյանի խոսքով՝ տարեց մարդկանց հարուստ կենսափորձը, որը նպաստել է մեր
հասարակության զարգացմանը, պետք է օրինակ ծառայի երիտասարդ սերնդի համար:
Շատ կարևոր է տարեցների սոցիալական պաշտպանության ապահովումը,
նրանց առողջության պահպանումը, կյանքի որակի բարձրացումը և այդպիսով արժանավայել
ծերություն ունենալու համար անհրաժեշտ ու բավարար նախադրյալների ստեղծումը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է նաև կենսաթոշակի տարիքի
հասած նախկին զինվորականների փորձը սերունդներին փոխանցելու համակարգերի մշակման
անհրաժեշտությունը։