2020 թվականի
ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներով բարձրացված թերևս ամենատարածված
խնդիրն աշխատանքից ազատելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին
կատարելն է: Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես անդրադառնում է իր գործունեությունն
ամփոփող տարեկան հաղորդումներում:
Այսպես,
ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն
պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման
օրը, եթե նույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի
այլ կարգ նախատեսված չէ:
Մարդու
իրավունքների պաշտպանը վերահաստատում է նշված նորմի վերլուծության արդյունքում ձևավորված
դիրքորոշումը, ըստ որի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ
կատարելը գործատուների ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը, իսկ գործատուի և աշխատողի
համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսելու հնարավորությունը վերաբերում
է ոչ թե վերջնահաշվարկ կատարելու կամ չկատարելու կողմերի հայեցողությանը, այլ վերջնահաշվարկի
կատարման կարգին, օրինակ՝ ժամկետին:
Հարկ է
հստակ արձանագրել, որ գործատուն որևէ կերպ իրավասու չէ սահմանափակելու աշխատանքից ազատվելուց
հետո աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու իրավունքը: Նշված խնդրի մասնավոր դրսևորումներից
է աշխատողին աշխատանքից ազատելիս նրա հետ վերջնահաշվարկ ընդհանրապես չկատարելը, ոչ
ամբողջովին կատարելը կամ օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտմամբ կատարելը:
2020 թվականի
ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը դիմած քաղաքացիներից մեկը տեղեկացրել
է, որ ցանկացել է լուծել աշխատանքային պայմանագիրը, սակայն գործատուն սպառնացել է սեփական
նախաձեռնությամբ պայմանագիրը լուծելու դեպքում վերջնահաշվարկ չկատարել:
Խնդրի
նման դրսևորման կապակցությամբ հարկ է նշել, որ Աշխատանքային օրենսդրությունն իրավական
որևէ հիմք չի տալիս գործատուներին վերջնահաշվարկ կատարելու բացարձակ, իմպերատիվ օրենսդրական
պահանջը դարձնել պայմանական, առավել ևս այդպիսով սահմանափակելով աշխատանքային հարաբերությունները
դադարեցնելու՝ աշխատողի իրավունքը:
Պաշտպանին
հասցեագրված բողոքներից մեկով էլ քաղաքացին տեղեկացրել է, որ կինն իր դիմումի հիման
վրա ազատվել է աշխատանքից: Գործատուն վերջնահաշվարկի մի մասը հրաժարվում է կատարել,
մասնավորապես՝ հրաժարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար դրամական հատուցում
տալ: Խնդիրը կոնկրետ դեպքով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ստացել է լուծում:
ՀՀ աշխատանքային
օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր
է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը
գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան
հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց
հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
ՀՀ ֆինանսների
նախարարի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների
ցանկը սահմանելու մասին» թիվ 416-Ն համատեղ հրամանի հավելվածով սահմանված է աշխատավարձի
և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը, որոնց մեջ մտնում է նաև ամենամյա (նվազագույն,
երկարացված, լրացուցիչ) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը:
Ինչ վերաբերում
է արձակուրդային բոլոր օրերի համար հատուցում տրամադրելուն՝ հարկ է վկայակոչել Վճռաբեկ
դատարանի թիվ ԵԿԴ/3516/02/08 որոշումը, որում Վճռաբեկ դատարանը պարզաբանել է, որ հատուցումը
պետք է վճարվի չօգտագործված բոլոր արձակուրդների համար: Վերոգրյալի հաշվառմամբ՝ չօգտագործված
արձակուրդների համար դրամական հատուցումը կազմում է վերջնահաշվարկի մաս, ավելին՝ վերջնահաշվարկի
մաս կազմում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար հատուցումը:
Այսպիսով,
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ անհրաժեշտ է մշտապես պահպանել օրենսդրության
պահանջը՝ աշխատանքից ազատվող աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ աշխատանքային օրենսդրությամբ
սահմանված կարգով և ժամկետներում: