Ի տարբերություն զինվորական հաշվառման
վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ զորահավաքային
զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու
դեպքերի՝ ծառայության ընթացքում զինծառայողների համար օրենքով ամրագրված չեն առաջնահերթ
բժշկական օգնություն և սպասարկում: Խնդիրն ի հայտ է եկել զինվորական հոսպիտալներ
կատարված այցերի, բողոքների քննարկումների և օրենսդրության ուսումնասիրության
արդյունքում:
Այլ
կերպ ասած՝ ծառայության մեջ գտնվող զինծառայողների բուժօգնությունն ու բուժսպասարկումը,
ներառյալ՝ հետազոտությունները, իրականացվում են ընդհանուր հիմունքներով:
Արդյունքում՝ զինծառայողների հետազոտությունները գործնականում ձգձգվում են, ինչի հետևանքով
զինվորական հոսպիտալներում նրանք ստիպված երկար են մնում:
Մինչդեռ, հաշվի առնելով զինվորական
ծառայության առանձնահատկությունները, զինվորական պարտականությունների կատարմանը
նրանց արագ ներգրավման անհրաժեշտությունը՝ զինծառայողների բժշկական
հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ և սեղմ ժամկետներում:
Խնդիրը պայմանավորված է նաև այն հանգամանքով,
որ որոշ հետազոտություններ (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա,
էլեկտրոնեյրոմիոգրաֆիա), որպես կանոն օբյեկտիվ պատճառներով, մեծամասամբ
իրականացվում են քաղաքացիական բուժհաստատություններում:
Խնդիրը քննարկվել է Պաշտպանության և
Առողջապահության նախարարությունների հետ: Նրանք պարզաբանել են, որ միմյանց միջև
փոխհամագործակցության շրջանակում արվում է առավելագույնը զինծառայողներին
անհրաժեշտ հետազոտությունները և բուժական միջամտություններն առանց հերթագրման
կազմակերպելու համար: Նաև նշել են, որ խնդիրը լուծելու համար Կառավարության որոշմամբ
2019 թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն, որի արդյունքում արդեն
բուժսպասարկումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման
սկզբունքով: Արդյունքում՝ բժշկական կազմակերպությունների կողմից մատուցված
ծառայությունների համար կիրառվում է փոխհատուցման հետվճարային սկզբունքը, որով
հերթագրումները և ծառայությունների մատուցման անհարկի ուշացումները կհասցվեն
նվազագույնի:
Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝
ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ, բայց դեռևս բավարար չեն խնդիրն արմատապես
լուծելու համար: Ուստի, հարցի համակարգային լուծման նպատակով հարկավոր է
զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության և սպասարկման իրավունքն ամրագրել
օրենքի մակարդակով:
Առաջարկվում է՝
1.
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում ամրագրել,
որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների հետազոտումը,
փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության
երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում,
2.
մինչև օրենսդրական տվյալ փոփոխությունը պետք է գործնականում միջոցներ ձեռնարկել
զինծառայողներին անհրաժեշտ բուժհետազոտություններ հնարավորին սեղմ ժամկետներում
իրականացնելու ուղղությամբ: