Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմը 2021 թվականի օգոստոսի 3-ի ահազանգերով պարզել է, որ
Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղի վարչական տարածքում՝ անմիջապես
գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայրում 2021 թվականի հուլիսի
26-ին արածացնելու են տարել գյուղի երկու ընտանիքին պատկանող 4 կովեր:
Կենդանիներն, արածելով, հասել են գյուղի
վարչական տարածքում գտնվող «Յուրդեր» անվամբ արոտավայրը և մոտեցել ադրբեջանական
զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքին: Ըստ ահազանգերի՝ դրանից հետո
ադրբեջանական զինծառայողները կենդանիներին կապել են իրենց հատվածում, թույլ չեն
տվել վերադառնալ և, բնակիչները շուրջ 5 օր իրենց բնակելի տան դիմացի սարից
հեռադիտակով տեսել են, որ կենդանիները գտնվում են «Ջամբար» կոչվող տարածքում, իսկ
օգոստոսի 1-ի դրությամբ կենդանիներն արդեն անհետացել են:
Նշված դեպքից բացի, 2021 թվականի օգոստոսի
2-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս մեկ ահազանգ է ստացել այն
մասին, որ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի բնակիչը գյուղի 3
ընտանիքի պատկանող 6 խոշոր եղջերավոր կենդանիների (1 ցուլ, 5 կով) 2021 թվականի
հուլիսի 14-ին արածացնելու է տարել գյուղին պատկանող՝ շուրջ 1.5 կմ հեռավորության
վրա գտնվող արոտավայր:
Գյուղի բնակիչը, կարճ ժամանակ հեռացել է
արոտավայրից և վերադառնալուն պես հայտնաբերել, որ կենդանիներից 5-ը չկան, իսկ
կովերից մեկը ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող կողմից
վերադառնում է՝ պարանը գլխին կապած (ինքը կենդանիներին առանց պարան է արածացնելու
տարել): Հեռվում նկատել է, թե ինչպես են ադրբեջանական
զինծառայողները դեպի իրենց խորքը քշում կենդանիներին:
Նշված երկու դեպքերում էլ տեղի ունեցածի
մասին բնակիչները տեղեկացրել են գյուղերի վարչական շրջանների ղեկավարներին:
Դեպքերի մասին տեղյակ են պահվել նաև ՀՀ
Զինված ուժերի ներկայացուցիչները և ՌԴ սահմանապահները: Կենդանիների վերադարձման
ուղղությամբ տարվող բանակցությունները օգոստոսի 3-ի դրությամբ արդյունք չեն տվել:
Ադրբեջանական զինծառայողները հրաժարվում են
վերադարձնել կենդանիներին՝ պատճառաբանելով, թե նրանք իրենց մոտ չեն:
Այս տվյալները Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմը հաստատել է Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի նշված բնակիչների, նրանց
համագյուղացիների հետ առանձնազրույցներով, ինչպես նաև դա հաստատլ են համայնքային
մարմինները:
Ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ
սահմանային բնակիչների պատկանող կենդանիների գողությունները, նրանց վնաս պատճառելն
ունի պարբերական բնույթ: Նրանց անօրինական արարքները խախտում են ՀՀ բնակիչների
սեփականության իրավունքը, այդ արարքներն ուղղված են անասնապահությամբ զբաղվելու և
ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:
Այս ամենն իր հերթին անվտանգությունից բացի,
առաջացնում է սոցիալական բնույթի խնդիրներ, այդ թվում` լուրջ վնասներ է հասցնում
ՀՀ սահմանային բնակչությանը:
Նշված դեպքերը հաստատում են, որ ՀՀ
բնակչության պաշտպանության, իրավունքների երաշխավորման համար Սյունիքի և
Գեղարքունիքի շուրջ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:
Դա պահանջում է նրանց հեռացում ՀՀ սահմանային
գյուղերի հարևանությունից և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներից:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան