Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս 2019 թվականին բողոքներ է
ստացել այն մասին, որ երեխաների՝ իրենց բնակության վայրին մոտ հանրակրթական
ուսումնական հաստատություն ընդունվելու հարցի հետ կապված կան մի շարք
խնդիրներ: Թեև այդ խնդիրները մասամբ լուծվել են, սակայն 2020 թվականի
ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին շարունակվել են բողոքներ
հասցեագրվել:
Այսպես, 2020 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝
սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվել է տվյալ
դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին, ինչպես նաև տվյալ դպրոցի
աշխատակիցների երեխաներին: Թեև դպրոցի ընդունելության կարգը հստակեցվել է, սակայն
փոփոխություններ կատարելիս կարևոր էր հաշվի առնել նաև բնակության վայրին մոտ
բնակվող երեխաների ընդունելության համար առաջնահերթություններ սահմանելը:
Բնակության վայրին առավել մոտ դպրոց հաճախելու հետ կապված Պաշտպանը
ստանում է բողոքողներ նաև 2021 թվականին: Ծնողները նշում են, որ երեխաներին իրենց
բնակավայրից հեռու գտնվող դպրոց տանելը դժվարություններ է ստեղծում, հատկապես այն
դեպքերում, երբ երեխան ունի հաշմանդամություն, տեղաշարժման հետ կապված խնդիրներ:
Առանց այն էլ տրանսպորտային միջոցների և այլ միջավայրային հարցերում երեխաներն ու
իրենց ծնողները բախվում են խնդիրների: Խնդիրն արդիական է նաև այն դեպքում, երբ
ընտանիքում կան մանկահասակ և խնամքի կարիք ունեցող այլ երեխաներ:
Դա դժվարություններ է ստեղծում նաև հատկապես տարրական
դասարաններում սովորող երեխաների ծնողների համար, որոնք աշխատում են: Ստիպված են
լինում երեխաներին տանել դպրոց, որի պատճառով խնդիրներ են ունենում աշխատանքի
վայրում:
Բնակության վայրը՝ որպես հանրակրթական ուսումնական հաստատություն
ընդունվելու չափանիշ հաշվի չառնելը ծնողների համար առաջացնում է նաև ֆինանսական
դժվարություններ:
Հաշվի առնելով խնդրի արդիականությունը՝ Մարդու իրավունքների
պաշտպանն առաջարկում է կատարել համապատասխան փոփոխություններ, որով
հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունելությունն իրականացնելիս
չափանիշների թվում առավելություն կտրվի առաջնահերթ դպրոցին առավել մոտ բնակվող
սովորողներին: