Այս փաստաթղթերից մեկը Կապանի Դավիթ Բեկ գյուղի բնակչի ոչնչացած
այգու վնասների հաշվարկն է, իսկ մյուսը Վարդենիսի բնակչի գյուղատնտեսական նպատակով
հողամասի վարձակալության պայմանագիր է, բայց որի հնարավորությունից նա այլևս զրկված
է:
Փաստաթղթերն օրինակ են, որ ապացուցում են. Սյունիքի և Գեղարքունիքի
մարզերի այս բնակիչների սեփականության, սոցիալական ապահովության և մյուս օրինական իրավունքները
խախտված են ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության պատճառով:
Ադրբեջանական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն
ու հատուցեն մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները:
Պետք է հատուցեն նրա համար, որ անվտանգության լրջագույն վտանգներից
բացի, խաթարել են մարդկանց բնականոն ու խաղաղ կյանքը, նրանց զրկել են ընտանիքի եկամուտը
վաստակելու հնարավորությունից:
Այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ սահմանային հարցերը
չեն կարող դիտարկվել սահմանային բնակիչների իրավունքներից կտրված:
Այս հարցերում ինչ քաղաքական մեխանիզմ էլ ուզում է լինի՝ չի
կարող հաջողություն ունենալ, եթե հաշվի չառնի մարդու իրավունքները:
Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները, պետք է
առանց վհատվելու ու հետևողական քայլերով հասնենք խախտված իրավունքների վերականգնման:
Անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը
դարձնում է իրական: