Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման
հարցում արձանագրվել են խնդիրներ, որոնք կապված են ծնողների նկատմամբ տարբերակված մոտեցմանն
առնչվող օրենսդրական փոփոխությունների հետ:
Այսպես, խնդրահարույց է այն, թե նոր ծնված
երեխայի համար նպաստի վճարումը ընտանիքում
որերորդ երեխայի համար պետք է նշանակվի: Չնայած
օրենսդրորեն փոփոխություններով հարցին լուծում է տրվել, այնուամենայնիվ, առկա են գործնական
խնդիրներ:
Մասնավորապես, փոփոխությունը սահմանում է,
որ ընտանիքում նոր ծնված երեխայի հերթական թիվը (կարգաթիվը )որոշելիս հաշվի են առնվում
նպաստի համար դիմելու օրվա դրությամբ նորածին երեխայի ծնողից սերված երեխաները և զավակները,
եթե նոտարական ակտով հաստատված է նոր ծնված երեխայի քույրեր- եղբայրների՝ ծնողի խնամքի
տակ լինելու փաստը:
Այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծնողների
ամուսնությունը գրանցված չէ կամ ամուսնությունը գրանցված է նոր ծնված երեխայի ծնվելու
օրը կամ դրանից հետո, իսկ հայրությունը ճանաչված է, ապա կենսաթոշակային մարմին դիմումի
հետ միաժամանակ պետք է ներկայացվի նոտարական ակտով հաստատված նոր ծնված երեխայի՝ ծնողի
խնամքի տակ լինելու փաստը:
Բողոքները վկայել են, որ պրակտիկայում նոտարները նման գործարք
կատարելուց հրաժարվում են կամ հաստատում են ոչ պատշաճ փաստաթուղթ:
Որպես խնդրի այլընտրանքային լուծում՝ առաջարկվում
է մյուս ծնողի կողմից հայտարարություն ներկայացնել իրենից սերված երեխաների բնակության
վայրի և խնամք չիրականացնելու մասին: Սակայն բողոքների ուսումնասիրությունը ցույց է
տալիս, որ ամուսնալուծված ծնողները խուսափում է նման հայտարարություն ներկայացնելուց:
Ընտանիքում ծնված երեխաների կարգաթիվ սահմանելու
նպատակը, ըստ էության այն է, որ տրամադրվող սոցիալական ապահովության միջոցը ծառայի
ընտանիքի բազմազավակությամբ պայմանավորված կարիքներին, ինչպես նաև խթանիչ ազդեցություն
ունենա: Հետևաբար, նոր ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը պետք է ձեռք
բերվի՝ հաշվի առնելով նոր ընտանիքում փաստացի խնամվող երեխաների քանակը և դրա համար
պետք է ներդրված լինեն և կիրառվեն արդյունավետ մեխանիզմներ: Ուստի, Մարդու իրավունքների
պաշտպանն առաջարկում է ապահովել այնպիսի լուծումներ, որոնք անհարկի դժվարություններ
չեն առաջացնի ծնողների համար:
Մանրամասները՝ տարեկան հաղորդման մեջ: