Սյունիքի
մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավարի, Գորիս համայնքի և Որոտան, Քարահունջ բնակավայրերի
վարչական ղեկավարների, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում
նախաձեռնելու ու նրանց ազատությունից զրկելու հետ կապված հարցերն ի սկզբանե գտնվել
են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:
Մասնավորապես,
Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր ներկայացնելուց հետո աշխատանքային խումբ է գործուղվել
Սյունիքի մարզ, տեղի են ունեցել այցեր ազատությունից զրկված մի շարք ղեկավարների, ինչպես
նաև քննարկումներ մարզի բնակիչների հետ: Քննարկումներ են տեղի ունեցել նաև իրավապահ
և տեղական ինքնակառավարման նշված մարմիններից մի քանիսի հետ: Առանձին ուսումնասիրվում
և վերլուծության են ենթարկվում լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հրապարակումները:
Մարդու
իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել համայնքների ղեկավարների փաստաբանները՝
կապված նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումների և նրանց ազատությունից զրկելու
հետ: Ըստ փաստաբանների՝ քրեական հետապնդումները, ձերբակալումներն ու կալանավորումները
չունեն հիմքեր և պետք է անհապաղ դադարեցվեն կամ վերացվեն:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմից արդեն իսկ ուղարկվել են մի շարք պաշտոնական գրություններ:
Դրանից
բացի, հուլիսի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում
փաստաբանների հետ: Մանրամասն քննարկվել են Գորիս, Սիսիան, Քաջարան համայնքների ղեկավարների,
Մեղրի համայնքի նախկին ղեկավարի փաստաբանների բարձրացրած և նրանցից յուրաքանչյուրի
վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը: Այլ հարցերի թվում փաստաբանները
պնդել են, որ իրենց վստահորդներին բերման ենթարկելն ու ձերբակալելը տեղի են ունեցել
նրանց իրավունքների խախտումներով, օրենքի խախտմամբ է տեղի ունեցել նաև քրեական հետապնդման
նախաձեռնումն ու կալանավորումները: Հանդիպման
ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների
պաշտպանի կողմից համապատասխան միջոցների ձեռնարկումը:
Սույն
հայտարարությամբ հարկ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության
սահմաններում շարունակվում է օրենքով նախատեսված միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝
քննարկումների, այցերի և պաշտոնական հաղորդակցության միջոցով: