Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների
խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ` չնայած դրա դեմ պայքարին ուղղված քայլերը վերջին
տարիներին դրական տեղաշարժ են արձանագրել։
Խնդրի առկայության մասին են վկայում Մարդու իրավունքների
պաշտպանի տարբեր տարիների գործունեության հաղորդումներն ու զեկույցները:
Կանանց նկատմամբ խտրականության դրսևորում է, երբ երեխայի
սեռը պարզելու դեպքում հղիությունն ընդհատվում է՝ աղջիկների փոխարեն նախապատվություն
տալով տղա երեխաներին:
Ուսումնասիրությունները վկայում են, որ խնդրի պատճառները
խորքային ու տարբեր են, սակայն, որպես գործոն` նման խտրական որոշման կայացման վրա կարող
են ազդել, օրինակ, հասարակությունում ավանդաբար հաստատված սեռերի նկատմամբ պատկերացումները,
արու զավակ ունենալու նախապատվությունը կամ կանանց դերի վերաբերյալ կարծրատիպային մոտեցումները:
Ավելին, որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ առկա
են դեպքեր, երբ իգական սեռի երեխա ունենալու դեպքում կնոջ համար ընտանիքում կարող են
առաջ գալ խնդիրներ՝ նրան հաճախ մեղադրելով
տղա երեխա չունենալու համար: Քննադատական այս մոտեցումը կարող է հանգեցնել նրան,
որ կանայք ևս ձգտեն տղա ունենալ՝ ղեկավարվելով «ընտանիքում շահեկան դիրք ունենալու»,
«կարգավիճակն ամրապնդելու» և «ապագայի համար կայունության երաշխիք ունենալու» պատկերացումներով:
Մեկ այլ խնդիր է, որ երբեմն սեռով պայմանավորված հղիության
արհեստական ընդհատման որոշումը կանայք ինքնուրույն չեն կայացնում. նրանք այդ քայլին
կարող են դիմել ընտանիքի անդամների ճնշումների, նույնիսկ՝ հարկադրանքի ներքո:
Հայաստանում կանանց և տղամարդկանց սեռերի հարաբերակցության
շեղումը սկսել է նկատվել դեռևս 1991 թվականից, իսկ 2000 թվականին այն հասել է մինչև
120 տղա - 100 աղջիկ հարաբերակցության այն դեպքում, երբ նման հարաբերակցության համար
սահմանված նորման կազմում է 102-103 տղա - 100 աղջիկ հարաբերակցությունը:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝
2008-2012 թվականների ժամանակահատվածում ծնվածների մեջ աղջիկ-տղա հարաբերակցության
միջին ցուցանիշը կազմել է 100-115, 2014 թվականին` 100-113,4, 2015 թվականին`
100-112,7, 2016 թվականին` 100-111,9, 2017 թվականին` 100-109.8, 2018 թվականին`
100-111, 2019 թվականին` 100-110, իսկ 2020 թվականին` 9 ամսում` 100-111,3:
Վիճակագրական տվյալները վկայում են խնդրի առկայության մասին,
որը հատկապես ընդգծվում է երրորդ երեխայի դեպքում:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2020 թվականի Հայաստանի ժողովրդագրական
տվյալների՝ սեռերի հարաբերակցության գործակիցը, ըստ ծննդի կարգի՝ առաջին
երեխայի դեպքում 1.04 է, երկրորդի դեպքում՝ 0.07, երրորդի երեխայի դեպքում՝ 1.27, չորրորդ
երեխայի դեպքում՝ 1.26:
Սեռերի հարաբերակցության գործակիցների համեմատական ուսումնասիրությունը
ցույց է տալիս, որ դրական տեղաշարժ կա հատկապես երկրորդ երեխայի պարագայում, առաջին
երեխայի դեպքում ցուցանիշը մնացել է անփոփոխ, հաջորդ երեխաների դեպքում հարաբերակցության
գործակիցները նախորդ տարվա համեմատությամբ դրական զարգացում են ունեցել, 1.40 կամ
1.32 գործակցից նվազելով 1.27 և 1.26-ի, սակայն խնդիրն այդ պարագայում ևս շարունակում
է մնալ առկախված՝ պահանջելով լրացուցիչ ջանքեր:
Չնայած աշխատանքների իրականացմանը՝ խնդիրը համակարգային առումով
դեռևս լուծված չէ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնդիրը կարող
է լատենտային բնույթ ստանալ, ինչպես նաև մասնագետները նշում են, որ արդեն հնարավոր
է պտղի սեռը որոշել առավել վաղ ժամկետներում՝ հաշվի առնելով բժշկական տեխնոլոգիաների
զարգացումը:
Ստացվում է, որ օրենսդրական կարգավորումներով սեռով պայմանավորված
12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատման արգելքի սահմանմամբ կամ միայն
հանրային իրազեկմանն ուղղված աշխատանքների իրականացմամբ չեն կարող սահմանափակվել խնդրի
լուծմանն ուղղված քայլերը:
Խնդրի դեմ պայքարի նպատակով համալիր միջոցառումներ պետք է
իրականացվեն՝ ուղղված խորքային պատճառների
վերացմանը:
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի
դեմ պայքարը և դրա կանխարգելումը անհրաժեշտ է համադրել կանանց կարողությունների զարգացման,
որոշումների կայացման ազատության և այլ իրավունքների մասին իրազեկելու, ինչպես նաև
բուժաշխատողների նկատմամբ վերահսկողության ուժեղացման նպատակով իրականացվող միջոցառումների
հետ:
Մանրամասները Տարեկան հաղորդման մեջ: