Աշխատանքային ստաժը դատական կարգով հաստատվելու դեպքում
կենսաթոշակառուները բախվում են աշխատանքային կենսաթոշակն ավելի վաղ ժամկետից
վերահաշվարկելու և չստացված կենսաթոշակը ստանալու խնդրին:
Այս խնդրի արդիականության մասին են վկայում 2020 թվականին
Պաշտպանին հասցեագրված բողոքները:
Օրինակ՝ 2020 թվականին Պաշտպանին դիմել է փաստաբան, ով նշել է, որ
ունեցել է մի շարք վստահորդներ, որոնք իրեն են դիմել աշխատանքային ստաժի հաստատման
և ստաժը հաստատելու պարագայում չստացված կենսաթոշակն ստանալու հարցերով:
Փաստաբանի պնդմամբ՝ դատարաններում գործերի քննությունն ունի տևական
բնույթ, օրինակ՝ աշխատանքային ստաժի հաստատման մի գործով դատավարությունը տևել է 7
տարի, իսկ աշխատանքային ստաժի հաստատումից հետո կենսաթոշակի վերահաշվարկ կատարվել
է ուժի մեջ մտած դատական ակտի կայացման օրվանից: Արդյունքում՝ անձը 7 տարի
շարունակ զրկվել է այդ տարիների համար վճարվելիք կենսաթոշակի գումարից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիրքորոշման
համաձայն՝ դատարանի կայացրած վճռով ծագած իրավունքները ձևակերպվում են դատական
ակտն ուժի մեջ մտնելուց հետո։ Նշվածը հիմք ընդունելով էլ` կենսաթոշակային մարմինը
քաղաքացիների կենսաթոշակն ավելի վաղ ժամկետից չի վերահաշվարկում։
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ այստեղ ևս պետք է
հաշվի առնել, որ կենսաթոշակը, սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ,
սեփականության ձև է ըստ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի
1-ին կետի համաձայն՝ կենսաթոշակ նշանակվում է` կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու
(այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ
նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Հասկանալի է, որ իրավունքի իրացման համար որոշակի ժամկետներ սահմանելը միտված է
սոցիալական ոլորտում պահանջվող կանխատեսելիության ու կայունության ապահովմանը, որն
իր մեջ ներառում է նաև քաղաքացիների իրենց իրավունքների պատշաճ և ժամանակին
իրացում:
Տեղեկացնենք, որ աշխատանքային ստաժը հաստատող կամ ապացուցող
փաստարկներ ներկայացնել չկարողանալու պատճառով վիճելի ժամանակահատվածում աշխատած
լինելու փաստն ապացուցելու միջոցը կենսաթոշակառուի համար դատարան դիմելն է:
Մանրամասները՝ Տարեկան հաղորդման մեջ: