Այսօր ադրբեջանական զինծառայողները Խնածախ գյուղում հովվի
անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում
խոչընդտել են ցորենի հավաքը:
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացվել
ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի մարզում Խնածախ և Տեղ գյուղերի
բնակիչների իրավունքների խախտման երկու ահազանգ։ Ահազանգերի հիման վրա պարզվել է՝
Խնածախ գյուղի հովիվը ՀՀ տարածքում գտնվող արոտավայրերում 2021թ.
հուլիսի 6-ին, ինչպես արել է միշտ, արածեցրել է գյուղի երկու ընտանիքի պատկանող 40
խոշոր եղջերավոր կենդանի: Հովվին օգնել է նաև նրա 13-ամյա երեխան:
Առավոտյան ժամը 06:00-06:30-ի սահմաններում խոշոր եղջերավոր
կենդանիներից 3-ը մոտեցել են ադրբեջանական զինված ուժերի տեղակայման վայրին: Այդ
կենդանիների մոտ է գտնվել երեխան, ով փորձել է թույլ չտալ, որպեսզի նրանք
ադրբեջանական դիրքին մոտենան: Ադրբեջանական զինծառայողները, սակայն, իրենք են առաջ
եկել դեպի կենդանիները և գոռգոռոցներով ցույց տալով իբր դա իրենց տարածքն է՝
գողացել են կենդանիներին և քշել իրենց կողմը՝ դեպի խորք:
Պարզված տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինծառայողների
հափշտակության մասին հովիվն անմիջապես տեղեկացրել է Տեղ խոշորացված համայնքի
ղեկավարին: Ահազանգը ստանալուց հետո վերջինն անմիջապես կապ է հաստատել ՀՀ Զինված
ուժերի առաջին բանակային կորպուսի և ռուս խաղաղապահների հետ, որից հետո ձեռնարկված
քայլերով է միայն հնարավոր եղել խոշոր եղջերավոր կենդանիները վերադարձնել հովվին:
Մյուս միջադեպը վերաբերում է Տեղ գյուղի բնակիչների իրավունքների
խախտմանը: Մասնավորապես, այսօր գյուղի բնակիչները գյուղատնտեսական տեխնիկայով
գնացել են գյուղի մոտակա տարածք՝ նախորդ տարում իրենց իսկ ցանած ցորենի
բերքահավաքի համար: Սակայն ադրբեջանական զինծառայողները, տվյալ տարածքը դիտարկման
ներքո պահելու հետևանքով, թույլ չեն տվել ցորենի հավաքը։
Գյուղերի բնակիչների տեղեկությունները Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմը ստուգել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի, բնակիչների հետ
քննարկումներով: Առաջին միջադեպի հետ կապված՝ հրապարակումներ են եղել նաև մի շարք
լրատվամիջոցներում:
Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ
քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքներից,
անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից
զրկելուն:
Այս ամենն անհրաժեշտ է դիտարկել շարունակվող դիտավորության մեջ,
քանի որ ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կենդանիների
գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար իրականացնում
են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ:
ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ
խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների
խորացմանը:
Այս միջադեպերը հերթական անգամ հաստատում են, որ ադրբեջանական
զինված ուժերի հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանության նպատակով
բացարձակ հրատապությամբ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան