Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների
տարածում թույլ չտալու համար Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում Արցախի մեր
հայրենակիցներին սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները,
հասցեներն ու այլ անձնական տվյալներ: Պաշտպանը հորդորում է չպատասխանել սոցիալական
ցանցերով ստացվող կասկածելի որևէ զանգի:
Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունները
սկսել են ահաբեկման ու խուճապ առաջացնելու կազմակերպված նոր արարքներ:
Այս եզրահանգման համար հիմք են Արցախի մարդու իրավունքների
պաշտպանի, Արցախի իրավապահ մարմինների վերջին օրերի հայտարարությունները, ինչպես
նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու
ահազանգերը:
Մասնավորապես, ադրբեջանական հեռախոսահամարներից կազմակերպված ձևով
զանգահարում են Արցախում բնակվող մարդկանց հեռախոսահամարներին և առաջարկում են
գնել նրանց բնակարաններն ու խանութները։ Նրանք անձնական տվյալները վերցնում են նաև
մարդկանց սոցիալական ցանցերի էջերից: Ավելին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում
ակտիվացել են որոշ էջեր, որոնք ևս նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրել Արցախում
ապրող մարդկանց վրա։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային հանրության
ուշադրությունն է հրավիրում ադրբեջանական իշխանությունների այս նոր վտանգավոր
քաղաքականության վրա:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար ակնհայտ է, որ
Արցախում ապրող հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության մաս է։ Այն
Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան
քաղաքականության դրսևորում է:
Այս տեղեկությունը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ
Ստեփանյանի հայտարարության հետ միասին կուղարկվի նաև միջազգային մարմիններին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ամենօրյա կապի մեջ է
Արցախի գործընկերոջ հետ, իրականացվում է բոլոր տվյալների, ահազանգերի մանրամասն
ուսումնասիրություն և համագործակցություն: