Անվճար
դեղերի վերաբերյալ իրազեկումները խիստ թերի են, անվճար դեղերի անարդյունավետության
պատճառով մարդիկ ստիպված գնում են թանկարժեք դեղեր կամ բախվում են կոնկրետ դեղերի
գնման ուղղորդումների:
Պետության
կողմից անվճար տրամադրվող դեղերի անարդյունավետության պատճառով պացիենտները
հիվանդանոցային կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ընթացքում դեղերի
զգալի մասն իրենց միջոցներով են ձեռք բերում:
Սոցիալապես
անապահով մարդկանց, նրանց ընտանիքների բողոքները վեր են հանել դեպքեր, երբ
բժիշկներն իրենք են խորհուրդ տալիս չօգտվել պետության տրամադրած անվճար դեղերից,
քանի որ դրանք անարդյունավետ են:
Այստեղ
խնդրահարույց է նաև հետևյալ իրավիճակը՝ անվճար դեղերի համար պետությունն
անցկացնում է մրցույթ, և հաղթող է ճանաչվում մրցույթի ամենացածր գինն առաջարկած
մասնակիցը: Արդյունքում՝ պացիենտին առաջարկվում են ամենաէժան դեղերը, ինչն իր հետ
առաջ է բերում նաև որակի կամ այդ դեղի արդյունավետության խնդիր: Ստացվում է՝
մարդուն պետությունը հատկացնում է դեղերից ամենաէժանն այն դեպքում, երբ այդ դեղի
որակը կասկածի տակ է դնում ոչ միայն դեղ օգտագործողը, նույն դեղը վաճառողը, այլ
նաև բուժումն իրականացնող բժիշկը: Ավելին, առկա են առողջական վիճակի վատթարացման
մասին բողոքներ:
Արդյունքում`
պետությունը ձախողում է իր պարտավորությունները կամ դրանք կատարում է
թերություններով:
Բողոքներով
արձանագրվել են դեպքեր, երբ մարդկանց առաջարկվել է կոնկրետ դեղագործական
կազմակերպություն՝ համարելով, որ անվճար տրամադրվող դեղորայքն անարդյունավետ է:
Այս
պարագայում էլ խնդիրն այն է, որ հիվանդանոցը չի պարտավորվում բուժումն
իրականացնելու համար հիվանդին առավել որակյալ դեղորայք տրամադրել: Նման վիճակի
պատճառով էլ առաջ են գալիս դեպքեր, երբ անօրինական վճարներ են գանձում պացիենտից,
մարդը ստիպված է լինում փնտրել թանկարժեք կամ դժվարամատչելի, այդ թվում՝
չգրանցված դեղեր:
Առաջանում
են «զարտուղի» ճանապարհով դեղեր գնելու ուղղորդման դեպքեր՝ հաճախ պարզապես
վաճառքից շահ ստանալու ակնկալիքով կամ առնվազն այդպիսի համոզմունք է առաջանում
մարդկանց մոտ:
Լուրջ
խնդիր են այն դեպքերը, երբ պացիենտին անվճար դեղը չի տրամադրվում ոչ թե սահմանված
ցանկում չլինելու, այլ գնումների հայտարարված մրցույթի ուշացման և չկայանալու
հետևանքով:
Դեղ
ստանալ չկարողանալու հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ պացիենտը տեղյակ չի
լինում դեղ ստանալու իր իրավունքի կամ կոնկրետ դեղատեսակի մասին: Բոլոր
արձանագրված դեպքերում մարդիկ իրազեկվել են Պաշտպանին դիմելուց հետո՝ աշխատակազմի
կողմից խորհրդատվությամբ կամ ահազանգով: 2021թ. բողոքները վկայում են, որ նույն
պրակտիկան շարունակվում է նաև այս տարի:
Ընթացիկ
տարում Պաշտպանին դիմած այն քաղաքացիները, ովքեր ունեցել են տարատեսակ դեղերի
կարիք և չեն ունեցել դրանք գնելու հնարավորություն ֆինանսական դրության պատճառով,
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ուղղորդվել են ՀՀ
առողջապահության նախարարություն կամ տարածքային պոլիկլինիկա:
Սակայն
հետադարձ կապը քաղաքացիների հետ ցույց է տվել, որ հազվադեպ դեպքերում է անհրաժեշտ
դեղամիջոցն առկա եղել: Ահազանգերը ցույց են տվել, որ հիմնականում մարդիկ ստացել են
մերժում այն պատճառաբանությամբ, որ դեղեր առկա չեն:
Այս
դեպքում էլ խնդրահարույցն այն է, որ մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված
այս կամ այն տեսակի դեղամիջոցների առկայության մասին տիրապետում է միայն բժշկական
հաստատությունը, ուստի մարդիկ դիմում են Պաշտպանի աշխատակազմ Առողջապահության
նախարարությունից կամ պոլիկլինիկաներից դեղի առկայության մասին տեղեկություն
ստանալու նպատակով:
Նշված
բոլոր խնդիրները հիմնված են Մարդու իրավունքների պաշտպանի բողոքների, դրանց
քննության արդյունքների վրա, որոնք հասցեագրվել են Մարդու իրավունքների պաշտպանին։
Մանրամասները՝ Տարեկանհաղորդման մեջ :