Սահմանային վեճերում
նաեւ գյուղերի բնակիչների իրավունքները, բնականոն կյանքի պահանջները անտեսելու
պատճառով տարածքային կորուստների եւս մեկ օրինակ է կապված Շինիխ-Այրումի շրջանի և
Դիլիջանի գավառի հետ:
Մասնավորապես, Խորհրդային Հայաստանի ոչ հետևողականության արդյունքում
Շինիխ-Այրումի շրջանի վիճելի համարվող ամբողջ տարածքը (11.659 դեսյատին) 1927թ.
հունվարի 11-ին ճանաչվեց ադրբեջանական Ղազախի գավառի մաս, իսկ անտառի վիճելի
տարածքը (4.000 դեսյատին)` ՀԽՍՀ Դիլիջանի մաս: Ընդ որում, Անդրկենտգործկոմի
կազմում գտնվող գավառների հողային վեճերը որոշող հանձնաժողովի 1923 թ. ապրիլի
28-ին որոշմամբ Շինիխ-Այրումի շրջանում գտնվող 5.000 դեսյատին հողատարածքը
Դիլիջանի գավառից հանձնվեց Ղազախի գավառին: Բայց հետագայում ադրբեջանական
ներկայացուցիչները, ահաբեկելով անտառապետին, խախտել էին 1923 թ. որոշումը և գրավել
շուրջ 7.000 դեսյատին տարածք՝ ամբողջը հասցնելով 11.800 դեսյատինի:
Հայաստանի ու հատկապես գյուղերի բնակչության համար այս անհաջող
լուծման արդյունքում ՀԽՍՀ մաս կազմող Բաշքենդ (հետագայում հայկական անվանումը՝
Արծվաշեն) գյուղը հայտնվում էր Ղազախի գավառում. որոշվեց առանձնացնել մի հողաշերտ`
ամառային արոտավայր, որը տարածքային առումով գյուղը կկապեր Դիլիջանի հետ: Սա ամեն
դեպքում կարևոր էր հենց Բաշքենդի հայկական բնակչության իրավունքների տեսանկյունից:
Վերջնական արդյունքում ՝ Անդրկովկասյան կենտրոնական գործկոմի
նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի նիստում որոշվեց հաստատել 1927 թ. հունվարի
11-ի համաձայնությունը և Բաշքենդը կապել ՀԽՍՀ-ի հետ նեղ հողաշերտով:
Ի կատարումն այդ որոշման՝ 1929 թ. ընթացքում Շինիխ-Այրումի
անտառային շրջաններում տեղադրվեց սահմանային 45 տեղանշան 40 կմ երկարության վրա:
Պատրաստվել էր նախագիծ` Բաշքենդ գյուղը հարակից տարածքներով
ՀԽՍՀ-ին միացնելու համար: Հետազոտվել էր գյուղի և Շինիխ-Այրումի հողօգտագործման
դրությունը, տեղում ուսումնասիրվել և պլանի մեջ էր ներառվել վիճելի 4.844 հեկտար
տարածք:
Կենտգործկոմի որոշմամբ նախատեսվում էր նաև Շինիխ-Այրումի շրջանի
հողերից օգտագործման համար մի մաս հատկացնել Բաշքենդ գյուղի բնակիչներին: Սակայն
Անդրկենտգործկոմի նախագահության 1929 թ. հուլիսի 20-ի նիստի որոշմամբ,
պատճառաբանելով հողերի սակավությունը, մերժվեց յուրաքանչյուր շնչին գոնե 0,75
հեկտար տարածք տրամադրելու առաջարկը: Այդ տարածքները մնացին հետագայում Ադրբեջանի
կազմում (առանձին է Արծվաշենի ու գյուղի բնակչության իրավունքների ոտնահարումների
պատմությունը):
Ընդ որում, ադրբեջանական իշխանությունները բնակչության իրենց
հատվածին հրահրում էին մտացածին բողոքներ գրել ՀԽՍՀ դեմ ու դրանով ավելի էին
հրահրում խնդիրներ: Սովորաբար սեպաձև խրվելով Հայաստանի տարածքում, ադրբեջանաբնակ
գյուղերը, սովորության համաձայն, հետագայում հայկական գյուղերի հաշվին
ընդլայնվելու փորձեր էին սկսում:
1920-ական թվականներին Խորհրդային Հայաստանը կորցրել է տարածքներ
ու պատճառներից է եղել այն, որ մարդու իրավունքները, գյուղացիների իրավունքները
չեն դրվել որոշումների հիմքում, այդ առումով չի ցուցաբերվել հետևողականություն:
Հաշվի չի առնվել, որ ցանկացած սահմանային վեճի հիմքում պետք է լինի
այն, թե ինչ աստիճան է ապահովվում սահմանային բնակչության բնականոն կյանքը:
Իհարկե, դա հաշվի չի առել նաև խորհրդային ղեկավարությունը: