Մեր տարածքային կորուստներն ավելի ծանր են
եղել այն ժամանակ, երբ սահմանային վեճերում կառավարությունները գյուղերի
բնակիչների իրավունքները հիմքում չեն դրել:
Օրինակ՝ 1918-1920թթ. Առաջին Հանրապետության կազմում, իսկ հետո էլ
մինչև 1924թ. Խորհրդային Հայաստանի կազմում է եղել հայկական Բարանա (ներկայում՝
Նոյեմբերյան, Տավուշի մարզ) և ադրբեջանական Ղայմախլի (Ղայմախլու) գյուղերի միջև
գտնվող 1002 դեսյատին տարածքով «Աջի» տեղամասը:
Այս վայրի անտառները եղել են զգալի ծառաշատ, իսկ արոտավայրերը`
անասնապահության համար չափազանց հարմար, ուստի և գյուղացիների համար ունեցել են կենսական
կարևորություն: Ունեցել են անվտանգության նշանակություն:
Ադրբեջանական իշխանություններն այդ ժամանակ մեծ ջանքեր են
գործադրել այս տարածքին տիրելու համար՝ գիտակցելով, որ այդ դեպքում
հնարավորություն կունենան Հայաստանի հյուսիսարևելյան տարածքները կտրել իրարից,
վերահսկողություն սահմանել ճանապարհների նկատմամբ: ՀԽՍՀ գյուղերի բնակիչների
իրավունքների համար այս լուծումը լրջագույն խնդիրներ էր ստեղծելու ոչ միայն
սոցիալ-տնտեսական, այլ նաև անվտանգության տեսանկյունից:
Այդ ժամանակվա Կառավարությունը հարցերը չի դիտարկել
մարդկանց իրավունքների տեսանկյունից, կենսական այս հարցերի նկատմամբ ցուցաբերել է
անհետևողականութուն:
Արդյունքում՝ Անդրկովկասի կենտրոնական գործադիր կոմիտեի հողային
հանձնաժողովի 1924 թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ ՀԽՍՀ-ին պատկանող «Աջի» տեղամասի
հյուսիսարևելյան մասը` 612 դեսյատին տարածքով, հանձնվել է Ադրբեջանի ԽՍՀ-ին, իսկ
հարավարևմտյան մասը` 390 դեսյատին տարածքով, ՀԽՍՀ-ին: Այսինքն՝ Հայաստանը զրկվել է
այդ տարածքի մեծ մասից:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական իշխանությունները
միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի այն տարածքների նկատմամբ, որոնք կարող
էին տալ դրանք իրարից բաժանելու, Հայաստանի տարածքի մեջ սեպի նման խրվելու և
ճանապարհների ու քաղաքացիական ենթակառուվածքների նկատմամբ վերահսկողություն
սահմանելու հնարավորություն: Սա էլ պատահական չի եղել, քանի որ կանգ չեն առել ու
նույն քաղաքականությունը շարունակել են արդեն նոր տարածքների նկատմամբ:
Հայաստանյան կառավարութուններն էլ ամեն անգամ շարունակել են
անուշադրության մատնել գյուղացիների իրավունքների հարցերը, նրանց անվտանգությունը՝
սահմանային հարցերը դիտարկելով տարածքային-քաղաքական ու մեխանիկական
մոտեցումներով:
Հիմա պետք է դասեր քաղել նախկինից ու սահմանային հարցերի հիմքում
դնել մարդու իրավունքները և հիշել, որ ադրբեջանական քաղաքականությունը տարիների
ընթացքում այդպես էլ չի փոխվել:
Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400
քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան