Սահմանադրական
դատարանն իմ դիմումով հունիսի 22-ի որոշմամբ կասեցրել է պետական բարձրագույն
ուսումնական 3 հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմի
փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը։
Կառավարության
վիճարկվող որոշմամբ երեք բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի
անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան
պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների թվակազմը սահմանվել է օրենքով
նախատեսված նվազագույն շեմը՝ 20 անդամ՝ հետևյալ համամասնությամբ՝ հիմնադրի կողմից
55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2
հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի
ներկայացուցիչներից՝ 25 տոկոս կամ 5 հոգի։
Այս կարգավորումներով ստացվում է, որ նշված երեք բուհերում Հայաստանի
Հանրապետության վարչապետի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամները կազմելու են
խորհրդի 65 տոկոսը: Ստացվում է, որ
պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողների կողմից ընտրված անդամների ձայները
որոշումների կայացման գործընթացում որևէ դերակատարություն չեն ունենալու:
Կարևոր
արձանագրում է, որ Կառավարությունը նման փոփոխություններ նախաձեռնել էր այն
դեպքում, երբ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Սահմանադրական դատարանում
վիճարկման առարկա է, իսկ այդ օրենքի խնդրո առարկա դրույթների սահմանադրականության
վիճարկման պայմաններում նույն հարցը թիրախավորող և առավել անբարենպաստ լուծումներ
պարունակող կարգավորումների ամրագրումը Կառավարության որոշմամբ խնդրահարույց է և՛
բովանդակային, և՛ ընթացակարգային առումներով:
Հատուկ
արձանագրում եմ, որ դիմումով վիճարկվող դրույթներն ամրագրող նախագծերի հանրային
քննարկման գործընթացը լիարժեք չի ապահովվել: Վիճարկվող կարգավորումներն ընդունվել
են դեռևս հանրային քննարկումների ժամկետը չավարտած՝ շրջանցելով դրանց քննարկման և
ընդունման ընթացակարգերը:
Բացի այդ, թե՛
հանրային քննարկման դրված նախագիծը, թե՛ վիճարկվող կարգավորումները չեն
ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի:
Կարևոր եմ
համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որը դեռ վերջնական չէ և գործի ելքը
չի որոշում, բայց վերաբերում է միայն որոշման գործողության կասեցմանը:
Մասնավորապես, Բարձր դատարանը 2021 թվականի հունիսի 22-ի թիվ ՍԴԱՈ-121 որոշմամբ
կասեցրել է վիճարկվող դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության
ավարտը: Դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի
դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա հուլիսի 27-ին:
Արման Թաթոյան
Մարդու
իրավունքների պաշտպան