Խորհրդարանական ընտրությունների 2021թ. հունիսի 21-ի քվեարկության
օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող,
վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող նոր վտանգավոր
դրսևորումներ:
Խոսքը հասարակության բևեռացումը խորացնող արհեստական բաժանումների
մասին է՝ «գյուղաբնակներ ու քաղաքաբնակներ», «գրագետներ և անգրագետներ»,
«հետամնացներ և զարգացածներ», որը կապվում է քվեարկության արդյունքների հետ: Այս
արատավոր դիսկուրսի հիմքում են «նախկին ու նոր», «սև ու սպիտակ», «ժեխ», «զոմբի»,
«ծախված», «դավաճան» և այլ արտահայտություններով մարդկանց վիրավորելու դատապարտելի
թեզերը:
Առավել կոնկրետ՝ ընդդիմության առանձին շրջանակներ, նրանց
աջակիցները նշում են, թե իրենց օգտին քվեարկել են քաղաքաբնակները,
ինտելեկտուալներն ու կրթվածները:
Իշխանության առանձին ներկայացուցիչներն ու համակիրները
ընդդիմությանն ու նրանց աջակիցներին հակադարձում են վիրավորական
արտահայտություններով ու հետո տեղի է ունենում հակառակը:
Արդյունքում՝ ողջ հասարակությունն է հայտնվում վիրավորանքի,
հայհոյանքի ու հակադարձումների պատճառով լարվածության փակ շղթայի մեջ:
Վիճակն ավելին են բորբոքում իշխանության ու ընդդիմության
շրջանակների աջակցող, նրանց համակարգմամբ կամ ուղղորդմամբ գործող կեղծ էջերի
ֆեյքային հարձակումները, որոնք ոչ միայն չեն դադարել, այլ առանձին հարցերով ավելին
են ագրեսիվացել:
Ողջունելի և կարևոր էր հայհոյախոսությանը վերջ դնելու, թշնամանքը
դադարեցնելու ՀՀ վարչապետի կոչը հունիսի 21-ի հավաքի ժամանակ ու հատկապես այն, որ
այդ կոչն ուղղված էր նաև սեփական քաղաքական համախոհներին ու կողմնակիցներին:
Ակնկալվում է, որ այս կոչին պետք է առաջին հերթին հետևեին հենց
իշխանության ներկայացուցիչներն ու, հատկապես, այն անձինք, ովքեր զբաղեցրել կամ զբաղեցնում են բարձրաստիճան
պաշտոններ, առավել ևս ունեն հանրային ճանաչում ու հասարակությունում ընկալվում են
իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ցավոք, նրանցից որոշներն իրենց
դատապարտելի պահվածքով հակառակն են ցույց տալիս:
Այդպիսի պահվածք է ցուցաբերում ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին
ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որը խորհրդարանական արտահերթ ընտրությունների
արդյունքներով պաշտոնապես ներկայացված է՝ որպես ձևավորվելիք նոր գումարման ԱԺ-ում
կառավարող խմբակցության անդամ:
Այդ պահվածքն օրինակ է, թե ինչպես չպետք է իրեն դրսևորի
իշխանության, առավել ևս բարձրաստիճան ներկայացուցիչը:
Նա, մասնավորապես, անտեսելով ՀՀ վարչապետի կոչը, արել է հասարակությանը
կամ առնվազն նրա մի մասին ուղղված բացահայտ վիրավորական ձևակերպումներով գրառում՝
օգտագործելով «ինտելեկտուալ ապուշներ», «հայ ժողովուրդը ծնկի է բերել», «միշտ է
ծնկի բերելու» արտահայտություններով դատապարտելի բառապաշար:
Այս ակնհայտ սադրիչ գրառումն առաջացրել է վիրավորանք ու հայհոյանք
պարունակող նոր «քննարկումներ» ինչպես իր, այնպես էլ այլ հրապարակումների ներքո:
Այն լայն տարածում է ստացել համացանցում ու նաև դարձել լրատվամիջոցների
վերլուծության առարկա ու դրանով ավելի նպաստել անհանդուրժողականության աճին:
Ընդ որում, նշված անձի գրառումն ու մեկնաբանությունները վկայում են
հասարակության կամ առնվազն մի մասի նկատմամբ նրա հեգնական մոտեցման, սեփական
թվացյալ առավելությունները հասարակությանը հակադրելու և պառակտումը խորացնելու
անպատասխանատու թողտվության մասին:
Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական բոլոր ուժերին, հանրային
գործիչներին, հոգևորականներին կոչ է անում ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող
ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն պարունակող
կամ դրան նպաստող բառապաշարից: Պետք է հաշվի առնել անգամ բառերի կամ
արտահայտությունների փոխաբերական իմաստներն ու ընկալման հնարավորությունները
հասարակությունում: Պետք է բացառվեն բոլոր տեսակի ֆեյքային բանակների
հարձակումները:
Կարևոր է լրագրողների ու լրատվամիջոցների դերը, որոնք պետք է
առավել ուշադիր լինեն իրենց կողմից տարածվող տեղեկությունների բնույթի և նյութերի
վերնագրերի նկատմամբ:
Իսկ պետական կարգավիճակ ունեցող կամ պաշտոն զբաղեցնող անձինք
պարտավոր են նկատի ունենալ, որ իրենք, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից,
արձակուրդում լինելուց կամ չլինելուց, չեն դադարում պաշտոնյա լինելուց և
սահմանափակված են իրենց իրավական կարգավիճակի սահմաններով, որից շեղումներն օրենքի
խախտումներ են:
Մարդուն չի կարելի ենթարկել խտրականության քաղաքական հայացքների
համար:
Ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության
վրա, իսկ ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան