Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Հայաստան»
դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն
համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել
հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ:
Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել
Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի
շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:
«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը նշել է, որ իր համոզամբ` Օձունի
համայնքապետին ներկայացված հրաժարականի պահանջն ակնհայտ անօրինական է և ուղեկցվել
է մարզպետի սպառնալիքով: Ըստ Ա.Գևորգյանի` մարզպետարանի շենքում Օձունի
համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելն ուղիղ կապված է խորհրդարանական
արտահերթ ընտրություններում նրա կողմից իրենց դաշինքին սատարելու հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բողոքից անմիջապես հետո
արագ արձագանքմամբ կապվել է Օձուն համայնքի ղեկավարի հետ, որը նշել է, որ
հանցագործության մասին հաղորդում է տալիս Ոստիկանությունում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ի գիտություն է
ընդունվել այս հարցով ՀՀ դատախազության պաշտոնական ներկայացուցուչի
հայտարարությունը:
Նշված բողոքի ու միջադեպի հետ կապված` Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմից վաղն առավոտյան գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր
դատախազություն: