Սիրելի´ հայրենակիցներ,
Մեզ համար ամենից թանկը մեր պետականությունն է: Մենք կարող ենք
ավելի պաշտպանված լինել ու մեզ ավելի ապահով զգալ միայն մեր սեփական պետության
մեջ:
Բայց դրա համար պետք է ճիշտ սկզբունքներով ձևավորել պետությունը
կառավարող մարմիններ, պետք է գնալ միայն ժողովրդավարության ու մարդու իրավունքների
ուղիով:
Վաղվա քվեարկությամբ ձևավորելու ենք բարձրագույն օրենսդիր մարմին`
Հայաստանի Ազգային ժողովը, որ մեր պետության կառավարման հարցում ունի հիմնարար
դեր: Դրա համար էլ խորհրդարանական ու հատկապես այս ընտրությունները կենսական են
բոլորիս համար:
Հիշե´ք, որ մեր երկրի Մայր օրենքը երաշխավորել է հավասար ու ազատ
ընտրություններ ու որևէ մեկը չի կարող հակառակը հարկադրել: Մեր քվեով պետք է
ապահովենք բոլորիս միասնության հաստատումն ու պետության վստահ առաջընթացը,
երաշխավորենք համերաշխության վերականգնումը:
Ու վաղն ամեն ինչ որոշելու ենք հենց մենք` Հայաստանի
քաղաքացիներիցս յուրաքանչյուրը` միայն մեր կամքի բացարձակ ազատությամբ, խղճով ու
սրտի թելադրանքով` մեր գաղտնի քվեով:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան