Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ողջ
ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 24/7 աշխատանքի սկզբունքով
իրականացրել է տեղի ունեցած հավաքների ու ընտրական գործընթացին առնչվող մյուս
բոլոր իրադարձությունների անկախ ու անաչառ ուսումնասիրություն, մշտադիտարկման են
ենթարկվել հավաքները՝ ինչպես տեղում, այնպես էլ սոցիալական ցանցերի ու
լրատվամիջոցների մշտադիտարկմամբ: Անկախ քննության են ենթարկվել ընտրական
իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը, դիմումներն ու բողոքները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում
են եղել նաև վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը:
Սույն հայտարարությամբ անդրադարձը կատարվում է «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցության ու «Հայաստան» դաշինքի կողմից վարչական ռեսուրսների
չարաշահման հարցերին՝ նրանցից երկուսի համապատասխանաբար հունիսի 17-ի և հունիսի
18-ի եզրափակիչ հավաքների կազմակերպման հետ կապված:
Մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի երեկվա՝ հունիսի 17-ի
հավաքի ժամանակ արձանագրվել են հրապարակումներ, այդ թվում՝ տեսանյութեր ու
լուսանկարներ, որ վարչական ռեսուրսի օգտագործմամբ պետական կառավարման մարմինների
ու հատկապես մարզպետարանների միջոցով կազմակերպվում է մարդկանց (այդ թվում՝ նաև
դպրոցներից) մասնակցությունը հավաքին: Եղել են հրապարակումներ հավաքին
դատաիրավական մարմինների ու Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի
աշխատակիցների քաղաքացիական հագուստներով ներգրավելու վերաբերյալ:
Արձանագրվել են հրապարակումներ այն մասին, որ «Հայէկոնոմբանկի»
տնօրինության հրահանգների հիման վրա կազմակերպվել է աշխատակիցների կազմակերպված
մասնակցությունը հունիսի 17-ի հավաքին: Հայէկոնոմբանկի հետ կապված՝ 1 ահազանգ է
ներկայացվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ առանձին՝ մտավախություն
հայտնելով հավաքին չմասնակցելու համար հնարավոր խնդիրների մասին:
Հատուկ ուսումնասիրվել են տեսանյութերը, որոնցով պնդումներ են
արվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքին «Սևան» հոգեկան
առողջության կենտրոնի պացիենտների ու աշխատակիցների, ինչպես նաև Վարդենիսի
նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցներին մասնակցելուն հարկադրելու
վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ հունիսի 18-ին
տեղի են ունեցել չհայտարարված այցեր այդ հոգեբուժական կազմակերպություններ:
Պարզվել է, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտները
հավաքին չեն մասնակցել: Փոխարենը՝ պարզվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների
կազմակերպված մասնակցություն հավաքին. խոսքը օրվա հերթափոխն ավարտած աշխատակիցների
մասին է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոգեբուժարանի աշխատակիցների
հարկադրական մասնակցության դեպքեր չի հայտնաբերել:
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ չհայտարարված այցի
ընթացքում հունիսի 17-ի հավաքին խնամյալների մասնակցության փաստեր չեն
արձանագրվել: Այստեղ նույնպես արձանագրվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների
կազմակերպված մասնակցություն հավաքին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացվել են
տեղեկություններ այն մասին, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների
մասնակցությունը հավաքին համակարգել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի
եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը:
Համաձայն ձեռք բերված տվյալների՝ Վ.Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրենին տվել է
կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել է նրա
աշխատանքները՝ կապված հունիսի 17-ի հավաքին աշխատակիցների մասնակցությունն
ապահովելու հետ: Ըստ տեղեկությունների՝ նա նաև տնօրենին հրահանգներ է տվել այն
հարցի հետ կապված, թե ինչ պատասխանել այլ մարմինների ու լրատվամիջոցների
տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի
առնչությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում ինչպես
նշված, այնպես էլ որևէ այլ հոգեբուժական կազմակերպության պացիենտների ու
խնամյալների մասին հրապարակումները դադարեցնել, զերծ մնալ նրանց քաղաքական
հարցերի, այդ թվում՝ շահարկումների ներգրավելուց: Նման երևույթները թիրախավորման,
խարանի ու խտրականության են արժանացնում հոգեբուժական կազմակերպություններում
խնամվող անձանց, ոտնահարում են նրանց իրավունքները:
Հունիսի 18-ի հավաքի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմն արձանագրել է հրապարակումներ, որոնք պարունակում են ստուգման ենթակա
տվյալներ «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հավաքին մասնակցության համար վարչական
ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Հայաստանի
էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Երազ» բիզնես կենտրոնի
աշխատակիցների կազմակերպված մասնակցությանը հունիսի 18-ի հավաքին: Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև քաղաքացիական հասարակության
կազմակերպությունների կողմից այս տվյալների հրապարակումը:
Արձանագրվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Չարչյանի
կողմից աշխատակիցներին ընտրություններին մասնակցության հարցին առնչվող հրապարակված
ձայնագրությունը, ինչպես նաև Ա.Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը:
Նշված բոլոր տվյալները կուղարկվեն ՀՀ դատախազություն՝ ստուգման
նպատակով:
Հատուկ ենք նշում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրավապահ մարմիններին պարբերաբար ուղարկել է իր
տրամադրության ներքո եղած տվյալները կամ նյութերը:
Հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հիմնարար
կարևորությունը երկրի համար, ստեղծված իրավիճակը ու խաղաղ հավաքների ազատությունը
երաշխավորելու պետության պարտավորությունը՝ նշված տեղեկությունները պետք է
իրավական պատշաճ ընթացակարգի շրջանակում ստուգման ենթարկվեն: