ՀՀ վարչապետի
պաշտոնակատարի երեկվա` 2021թ. հունիսի 17-ի հավաքի մշտադիտարկմամբ ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ հավաքին ներկա են եղել մուրճը
ձեռքին մասնակիցներ, ովքեր նաև բացահայտ ցուցադրել են իրենց ձեռքի մուրճերը:
Սա խիստ վտանգավոր,
բացարձակ դատապարտելի երևույթ է: Մուրճով մարդկանց առկայությունը երեկվա հավաքին
հեռարձակվել է զանգվածաբար` ուղիղ եթերներով: Հավաքն ուղիղ եթերով հեռարձակվել է
նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ու
մինչև հիմա էլ առկա է այդ էջում, որտեղ մուրճով մարդիկ երևում են 1 ժամ 16-րդ
րոպեի 39-րդ վայրկյանից: Ավելին, հավաքի մասնակիցների մուրճերով լուսանկարները
երեկ ու այսօր լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Անգամ հնչել են
մուրճերը կվալդով փոխարինելու կոչեր:
Ակնհայտ է, որ սա
կապված է նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ Վարչապետի պաշտոնակատարի
կողմից մուրճի ցուցադրման ու մուրճի հետ կապված պատկերավոր համեմատությունների,
ատելության ու վիրավորանքի, սպառնալիքների հռետորաբանության հետ:
Ուստի, ՀՀ վարչապետի
պաշտոնակատարը պետք է դադարեցնի մուրճը հավաքներին ցուցադրելը և մուրճի
ցուցադրմամբ վիրավորանքի ու սպառնալիքների հռետորաբանությամբ խոսելը և պետք է
հանդես գա իր կողմնակիցներին ու, առհասարակ, բոլոր քաղաքացիներին ուղղված կոչով,
որ նրանք նույնպես բացառեն նման խիստ վտանգավոր երևույթները:
Բոլորին կոչ ենք անում
որևէ պարագայում չօգտագործել մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող
որևէ գործիք կամ համեմատություններ անել: Առավել ևս դա պարտավոր են կանխել
Վարչապետի թեկնածու համարվող գործիչները, այլ ոչ թե հետո արդարանալ, թե դա արել են
շինարարության իրենց ծրագրերը ցույց տալու համար:
ՀՀ ոստիկանությունը
պետք է լինի առավել զգոն և մուրճի սառը զենք լինել-չլինելու ձևական
մեկնաբանությունների փոխարեն իրական կատարի իրավախախտումների նախականխման ու
կանխման իր գործառույթը և դրանով ավելի նպաստի երկրում բոլոր գործընթացների խաղաղ
ընթացքին: