2021 թվականի հունիսի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ
գծի հեռախոսահամարին է զանգահարել «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում
ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկազ Հարությունյանը և հայտնել, որ Վայոց ձորի
մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվող «Հայաստան» դաշինքի շտաբի դիմացից Վարչապետի
պաշտոնակատարի քարոզարշավի ընթացքում Ոստիկանության պարեկապահակետային ծառայության
3-րդ հատուկ գումարտակի «կարմիր բերետավորները» բերման են ենթարկել Տիգրան
Խուդոյանին, Հայկ Մուրադյանին և Շահեն Վարդանյանին։ Հ. Հարությունյանը պնդել է, որ
Պաշտպանի աշխատակազմ ահազանգ ներկայացնելու պահի դրությամբ տեղեկություն չի
ունեցել այդ անձանց գտնվելու վայրի մասին։
Ահազանգի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը
Ոստիկանությունից պարզաբանումներ է ստացել այն մասին, որ նշված անձինք բերման են
ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման
կասկածանքով (հավաքը խոչընդոտելը), նրանցից երկուսը տեղափոխվել են քննչական
մարմին: Այս մասին հետո տեղյակ է պահվել Պաշտպանի թեժ գծին զանգահարած անձը:
Այնուհետև Հ. Հարությունյանը կրկին կապ է հաստատել և տեղեկացրել,
որ Տիգրան Խուդոյանը դուրս է եկել քննչական մարմնի վարչական շենքից՝ ձեռքի
հատվածում վիրակապված, ունի ձեռքի հոդի խախտում (ըստ տվյալ անձի՝ ձեռքը «դուրս է
ընկել»):
Տ. Խուդոյանը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է
ոստիկանների կողմից բերման ենթարկելիս իր նկատմամբ ձեռնաշղթա գործադրելու
արդյունքում: Տեղեկացրել է նաև, որ ձեռքի մատներն ամպուտացված են, այդ պատճառով
Ոստիկանության ծառայողներին նախապես խնդրել է իր նկատմամբ ձեռնաշղթա չգործադրել,
սակայն, այնուամենայնիվ, ձեռնաշղթան գործադրվել է:
Ըստ ահազանգի՝ բերման ենթարկվելու, ինչպես նաև Ոստիկանության
բաժնում գտնվելու ընթացքում Տ. Խուդոյանի նկատմամբ ոստիկանները կիրառել են բիրտ
ուժ, ծեծի է ենթարկվել նաև այդ պահին ազատությունից զրկված մյուս անձը՝ Շահեն
Վարդանյանը, ում «Շտապօգնություն» ծառայության խումբ է այցելել:
Ավելի ուշ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են
հրապարակվել այն մասին, որ Ոստիկանության բաժին բերման ենթարկված անձանց նկատմամբ
ֆիզիկական ոչ համաչափ ուժ է գործադրվել, հրապարակվել է նաև լուսանկար:
Հաշվի առնելով ահազանգի հանգամանքները, նկատի ունենալով
ազատությունից զրկված անձանց բռնության ենթարկելու կոնկրետացված տեղեկությունները՝
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություններ են ուղարկվել
Դատախազություն և Ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված
ընթացակարգի շրջանակում ստուգելու համար Ոստիկանության բաժնում քաղաքացիներին
բռնության ենթարկելու մասին տեղեկությունները:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան