2021թ. հունիսի 16-ին (այսօր)` առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում
ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված
հորթը:
Մասնավորապես, այսօր ստացած ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ, Վերին
Շորժա գյուղի արոտավայրի սարատեղիի հովիվը այսօր
առավոտյան` ժամը 05։30-ի սահմաններում
արթնացել է ադրբեջանական կրակոցից:
Արթնանալուն պես պարզել է, որ ադրբեջանական զինծառայողները կրակում
են իր խոշոր եղջերավոր կենդանիների ուղղությամբ, որոնք այդ պահին գտնվել են բաց տարածքում`
իր բնակության վայրի անմիջական հարևանությամբ:
Արագ գնացել է դեպի կենդանիները և պարզել է, որ 1 կովը և նոր
ծնված հորթը չկան: Քիչ անց նկատել է, որ ադրբեջանական թվով 9 զինված ծառայող կովին
և հորթին քշում է դեպի իրենց դիրքեր։ Մյուս հովիվների հետ միասին փորձել են հետ բերել
կենդանիներին, որոնք այդ պահին սկսել են վազել դեպի հովիվների կողմը:
Սակայն ադրբեջանական զինծառայողները սկսել են կրակել կենդանիների
ուղղությամբ և վնասելով կովի ոտքը` թույլ չեն տվել, որ հասնեն հովիվներին: Կրակոցներ
են արձակվել նաև հովիվների ուղղությամբ:
Այնուհետև, հովիվները դիտարկել են, թե ինչպես են արդեն գողությունից
4 ժամ անց` ժամը 09:30-ի սահմաններում ադրբեջանական զինծառայողներն իրենց դիրքերում
մորթում կովին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ այս
գողությունը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում, ու ադրբեջանական զինծառակողներն
իջել են այն դիրքերից, որոնք ապօրինի տեղակայված են ՀՀ ինքիշխան տարածքում:
Դեպքի նշված բոլոր հանգամանքները Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմին հաստատել են մյուս բոլոր հովիվները, դրանք ստուգվել են:
Այս արոտավայրերում սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին
բնակվում են մի քանի տասնյակ քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց
մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին (այս վայրերն ընդունված է անվանել սարատեղիներ):
Այստեղ մարդիկ բնակվում են նաև ընտանիքներով, իսկ արոտավայրերում կենդանիներ արածեցնելու
նրանց իրավունքը հաստատված է օրինական փաստաթղթերով` համայնքի հետ կնքված պայմանագրերով:
Այսինքն` ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ
հանցավոր արարքներ` ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից,
անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու
դիտավորությամբ: Ընդ որում, նրանք այդպես էլ չեն վերադարձրել ՀՀ քաղաքացիներից վերջերս
գողացած կենդանիները (Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա, Սյունիքի մարզի Արավուս,
Խնածախ գյուղեր և այլն):
Հանցագործության այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ
բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից
բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան