Նախընտրական
քարոզարշավը նրա համար չէ, որ մարդկանց համար ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքի
ու հայհոյանքի հանրային տեսարաններ:
Բովանդակային
հարցերի փոխարեն գերակայում են փոխադարձ մեղադրանքները, իրար ուղղված հայհոյանքն ու
վիրավորանքը՝ զուգակցված բռնության հետ ասոցացվող հռետորաբանությամբ:
Ընդ որում,
այնպես է ստացվել, որ անգամ հանրությունն է արդեն սովորել և երբ մի կողմը վիրավորում,
հայհոյում կամ մեղադրում է մյուսին, ապա հանրությունն էլ սկսում է անհամբեր սպասել,
թե ինչ կամ ինչպես է այդ մյուս կողմը պատասխանելու:
Տպավորությունն
էլ այն է, թե ավելի ուժեղ է նա, ով ավելի շատ է մեղադրում, ավելի բարձր ու նոր բառերով
է հայհոյում կամ վիրավորում: Հետո էլ այդ նույն բառերով իրար են հայհոյում ու վիրավորում
քաղաքական ուժերի կամ հանրային գործիչների կողմնակիցները:
Այս ամենի
արդյունքում էլ ստացվել է այնպես, որ հանրային քննարկման (public discourse) տիրույթը
գրեթե ամբողջությամբ լցված է միայն իշխանավեճի թեմաներով:
Նախընտրական
շրջանում պետք է քննարկման առարկա դառնան իրական կյանքում մարդկանց հուզող հարցերը,
որոնք տարիներ շարունակ բարձրաձայնվում են Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան ու
արտահերթ զեկույցներով։
Անվտանգության
հիմնարար հարցերից բացի, օրինակ՝
• Ինչպե՞ս
է բացառվելու կյանքի դժվարին վիճակում հայտնված ընտանիքների խորացող մեկուսացումը հասարակությունից,
ինչպես է ապահովվելու նրանց ինտեգրումը հանրային կյանքին։
• Ինչպե՞ս
է ապահովվելու, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը երեխային դպրոց ու
մանկապարտեզ տանելու փոխարեն ստիպված չլինի խնամել նրան տանը և ինքն էլ նրան խնամելու
համար ազատվի աշխատանքից ու այդպես ընտանիքն ապրի հասարակությունից մեկուսացված վիճակում:
• Ինչպե՞ս
է բացառվելու, որպեսզի անվճար բժշկական օգնության կամ սոցիալական ապահովության համակարգի
անվերջ բյուրոկրատական ու դատական քաշքշուկների մեջ հայտնված մարդը, ով, ասենք, փորձում
է ստանալ իր կենսաթոշակը կամ ենթարկվել բժշկական հետազոտությունների, չզգա իրեն թենիսի
մրցաշարի «գնդակի» դերում, երբ բոլորն անվերջ մի վայրից մյուսն են ուղարկում՝ առանց
հարցին լուծում տալու:
• Ինչպե՞ս
է ապահովվելու, որպեսզի մարդիկ չմոռացվեն հոգեբուժարաններում իրավական ու վարչական
քրոնիկ թերությունների պատճառով, այլ ստնան լիարժեք կյանքի վերադարձին ծառայող նպատակով
իրական բուժում:
• Ինչպե՞ս
է ապահովվելու, որպեսզի ոչ թե թղթին տված գեղեցիկ ձևակերպումների ինքնախաբեությամբ,
այլ իրական կյանքում քրեակատարողական (բանտային) համակարգն ի վերջո դադարի պատժողական
լինելուց և ծառայի մարդուն ազատ արձակման նախապատրաստելու ու իրական կյանք նրա լիարժեք
ինտեգրումն ապահովելու նպատակին։
• Ինչպե՞ս
են լուծվելու տարբեր վարչական մարմիններում ու դատարաններում գործերի քննության ձգձգումներն
ու քաշքշուկները, որոնց արդյունքում մարդկանց պատճառվում են անվերականգնելի վնասներ
և այլն։
Ակնհայտ
է, որ նման իրական խնդիրներ բարձրաձայնելու և լուծման տարբերակներ առաջարկելու փոխարեն
փոխադարձ վիրավորանքն ու հայհոյանքները, ատելության ու բռնության հետ ասոցացվող ցանկացած
հռետորաբանություն ավելի են խորացնում բեևեռացումն ու խմբերի բաժանելու արատավոր երևույթը։
Արման
Թաթոյան
Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպան