Այսօր՝ հունիսի 9-ին, Բաքվում տեղի են
ունեցել հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի, իսկ
հունիսի 8-ին` Վիգեն Էուլջեքյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքը
ոտնահարող քրեական գործերով հերթական դատական նիստերը:
Ադրբեջանական
հրապարակումները վկայում են, որ հայկական կողմի գերիների նկատմամբ մեղադրանքներ են
առաջադրվել, իբր, կտտանքների, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ կամ
խմբեր ստեղծելու և այլ արարքների համար։
ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանն արձանագրում է, որ նշված բոլոր անձինք գերեվարվել են արցախյան
հակամարտության շրջանակներում և հակամարտությունը հիմա էլ չի ավարտվել:
Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք
կարգավիճակով գերի են:
Հետևաբար, նրանցից որևէ
մեկի նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային
իրավունքի կոպիտ խախտում է, նրանց կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս
կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից:
Ավելին, ադրբեջանական
իշխանությունները հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդումներ են
հարուցում հենց նրանց, այսպես կոչված, «խոստովանական ցուցմունքների» հիմքով, և
դրանք օգտագործում` որպես ապացույց: Միջազգային իրավունքի այս կոպիտ խախտումներն
ամրագրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցում:
Ադրբեջանական
իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն իր հերթին ևս
հաստատում է քրեական ընթացակարգերի ոչ իրավաչափ լինելը և ավելորդ դարձնում մարդու
որևէ իրավունքի երաշխավորման մասին խոսելը: Այս պայմաններում ակնհայտ վտանգված է
գերիների կյանքի իրավունքը, խախտված են կենսական իրավունքները:
Ադրբեջանական
իշխանությունները չեն հրապարակում գերիների իրական թիվը:
Մարդու իրավունքների
պաշտպանի ուսումնասիրությունները, գերիների և անհայտ կորածների ծնողներից ստացվող
բողոքները ակնհայտ վկայում են, որ նված դատավարությունները լրացուցիչ հոգեկան
տառապանքներ են պատճառում նրանց ընտանիքներին և լարվածություն առաջացնում հայկական
հասարակությունում: Ուստի, այդ դատավարություններն ամբողջությամբ հակասում են
միջազգային իրավունքի հիմքերին և կոպտորեն խախտում են գերիների, նրանց ու անհայտ
կորածների ընտանիքների իրավունքները, բացահայտ քաղաքականացնում են մարդասիրական
հարցերը:
Մարդու իրավունքների
պաշտպանի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է նշված փաստերին և
ադրբեջանական իշխանությունների` մարդու իրավունքների շարունակվող կոպիտ
խախտումներին, միջազգային մարդասիրական պահանջները շարունակաբար խարխլող
քաղաքականությանը:
Ադրբեջանում անօրինական
պահվող հայկական կողմի բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու
վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպան