Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական
քարոզարշավը: Դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում է
երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը:
Այսպես շարունակել չի՛ կարելի:
Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը,
ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք:
Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի Վարչապետի
թեկնածուները պարտավոր են հաշվի առնել, որ իրենց կողմից օգտագործվող ամեն բառ
տարածվում է կողմնակիցների վրա, հետո նրանք այդ նույն բառերով վիրավորում ու
հայհոյում են իրար:
ՀՀ վարչապետի թեկնածու համարվող գործիչները հատկապես պետք է զգույշ
լինեն իրենց կողմից օգտագործվող բառերի նկատմամբ, հաշվի առնեն դրանց բոլոր
փոխաբերական իմաստները:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից այսօր քաղաքացիական և քաղաքական
վենդետաների, քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները,
հայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ են, այսպիսի բառապաշար հանրային,
այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է:
Ինչպես էլ ուզում է մեկնաբանվի՝ նշված վենդետաներն ու քաղաքացիական
վրեժն ակնհայտ ասոցացվում են բռնության ու հաշվեհարդարի, իսկ կադրային
ջարդուփշուրն էլ աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների հետ: Այսպիսի
հռետորաբանության իրական վտանգն այն է, որ այն ավելի է մեծացնում առանց այդ էլ առկա
լարվածությունը, պարունակում է իրական կյանք տեղափոխվելու վտանգավոր ռիսկեր: Ճիշտ
է, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հատուկ շեշտադրել է, որ խոսքը չի վերաբերում
ֆիզիկական հաշվեհարդարի, բայց ակնհայտ է, որ դա չի չեզոքացրել նշվածի վտանգավոր
ազդեցությունը:
Կրկնում ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի անդրադարձը հատուկ արվում է այն նկատառումից ելնելով, որ նա
քաղաքականից բացի, շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի
կարգավիճակը՝ անկախ արձակուրդում լինելուց կամ չլինելուց. այդ պատճառով է նաև
գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ իրավասության տիրույթում:
Հենց այս կարգավիճակի ուժով էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը
կարող են ոչ ճիշտ ընկալվել հանրության կողմից, ինչպես նաև սխալ ուղերձներ ընկալվել
պետական մարմինների ու առաջին հերթին իրավապահ մարմինների կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վկայում
է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ տարածվել են «քաղաքացիական
վրեժ», «վենդետա» և նման այլ վերնագրերով նյութերը, արձանագրվել է մեծածավալ վիրավորանքի
ու ատելության խոսք, հայհոյանք ու փոխադարձ մեղադրանքներ: Այս վերնագրերը ևս մեկ
անգամ վկայում են, որ ֆիզիկական հաշվեհարդարի չվերաբերվելու վերապահումը
ազդեցություն չի ունեցել:
Սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ նաև բռնության
համատեքստում է քննարկվում «Հայաստան» դաշինքի Վարչապետի թեկնածուի և
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչապետի թեկնածուի՝ ՀՀ վարչապետի
պաշտոնակատարի միջև դուելի թեման:
Վերը շարադրվածից բացի, այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ
հանդիպման ընթացքում քաղաքացիներից մեկը նշել է, որ իրեն աշխատանքից ազատել են
«Հայաստան» դաշինքի Վարչապետի թեկնածուին, քաղաքացու ձևակերպմամբ, ձայն չտալու
համար:
Այս հայտարարությունը վերաբերում է աշխատանքային և մի շարք այլ
իրավունքների խախտմանը, և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից առանձին
գրություն կհասցեագրվի ՀՀ դատախազություն:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան