Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թվականի ապրիլի
13-ին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել Երևանի թիվ 11 հատուկ դպրոց:
Այցի ընթացքում արձանագրված խնդիրներից են՝
• դպրոցի տեղեկությունների համաձայն՝ նոր կորոնավիրուսային
համավարակի (COVID-19) պայմաններում հեռավար եղանակով ուսուցման ընթացքում դպրոցի
14 երեխաներ դուրս են մնացել կրթությունից (այցի պահին դպրոցում սովորել է 85
երեխա): Ինչպես տեղեկացրել է դպրոցի վարչակազմը, այս խնդրի գլխավոր պատճառը
երեխաների համար ինտերնետ կապի հասանելիության և հեռահաղորդակցության միջոցների
բացակայությունն է:
Այս մասին դպրոցը 2020 թվականի հունիսին գրավոր տեղեկացրել է ՀՀ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և առաջարկել նոր
ուսումնական տարում բաց թողնված նյութը լրացնել դպրոցում:
2020 թվականի նոյեմբերին դպրոցը նորից դիմել է նախարարություն՝
առաջարկելով անցնել առկա ուսուցման, քանի որ հեռավար եղանակով ուսուցումը դպրոցի
սաների համար արդյունավետ չէ: Մասնավորապես, դպրոցի տեղեկությունների համաձայն՝
հեռավար ուսուցման համալիր heravar.armedu.am կայքէջում հաշվի առնված չեն չափավոր
և ծանր մտավոր խնդիրներ ունեցող երեխաների կրթական կարիքները, տեղադրված չեն նրանց
համար մատչելի, հասանելի և կարիքներին համապատասխան ուսումնական,
ուսումնամեթոդական նյութեր: Առկա ուսուցման անցնելու առաջարկը հիմնավորվել է նաև
նրանով, որ երեխաները շուրջօրյա գտնվում են դպրոցում և հանրային տրանսպորտից չեն
օգտվում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալներով՝
Նախարարությունը դպրոցի նշված նամակներին չի պատասխանել:
• դպրոցում աշխատող մասնագետների թիմը, այդ թվում՝ հատուկ
մանկավարժները, բավարար չեն երեխաների կրթության իրավունքը պատշաճ երաշխավորելու
համար: Այսպես, այցի օրվա դրությամբ դպրոցում սովորող 85 երեխաների կրթության
առանձնահատուկ պայմանների կարիքներն ապահովվել են 1 երաժիշտ-ղեկավարի, 2 հոգեբանի,
1 սոցիալական մանկավարժի, 2 հատուկ մանկավարժի, 1 լոգոպեդի և 1 բուժական
ֆիզկուլտուրայի գծով հրահանգչի կողմից: Երեխաների խնամքի կազմակերպման հարցում
աջակցում են նաև դայակները:
Դպրոցի անձնակազմի և երեխաների հետ առանձնազրույցները վկայում եմ,
որ դպրոցում աշխատող մասնագետները չեն հասցնում պատշաճ կատարել իրենց աշխատանքը:
Լինում են դեպքեր, երբ մեկ դասարանի հետ աշխատող մասնագետն իր
դասաժամին ստիպված է լինում օգնել մեկ այլ դասարանում դասավանդող մասնագետին, քանի
որ վերջինս չի հասցնում միայնակ ապահովել երեխաների կրթական կարիքները կամ վարել
դասը երեխաներ վարքային դրսևորումներով պայմանավորված: Նման դեպքեր են արձանագրվել
նաև Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման ընթացքում:
Պատճառներից մեկն էլ այն է, որ դպրոցի մասնագետների, հատկապես
հատուկ մանկավարժների հաստիքները քիչ են, իսկ ուսուցչի օգնականի հաստիք պետության
չափորոշիչներով հատուկ դպրոցների համար առհասարակ նախատեսված չէ: Սա համակարգային
խնդիր է և բացասական է անդրադառնում երեխաների և աշխատողների իրավունքների
երաշխավորման վրա: Մինչդեռ մասնագետների ավելացմամբ է նաև հնարավոր յուրաքանչյուր
երեխայի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ բացահայտելով նրա զարգացման
հնարավորությունները և իրական կարիքները, բարձրացնելով նրա կրթության իրավունքի
արդյունավետությունը.
• աշխատողների համար վերապատրաստումներն արդյունավետ չեն դպրոցի և
երեխաների իրական կարիքներին բավարարման տեսանկյունից:
Հարցն այն է, որ վերապատրաստումները հիմնականում իրականացվում են
հանրակրթական ուսումնական հաստատությունների չափորոշիչների և ծրագրերի հիման վրա,
ինչը ոչ միշտ է համապատասխանում հատուկ ուսումնական հաստատությունների կարիքներին:
Արդյունքում՝ մասնագետների շատ հարցեր և խնդիրներ լուծում չեն ստանում
վերապատրաստումների ընթացքում: Այս մասին են վկայում նաև դպրոցի անձնակազմի հետ
առանձնազրույցները և վարչակազմի հետ քննարկումները:
• այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ընտրանքային
մեթոդով իրականացրել են դասալսումներ, առանձնազրույցներ երեխաների և դպրոցում
աշխատող մասնագետների հետ, ուսումնասիրել են դասապլանների օրինակներ, երեխաների
անհատական ուսումնական պլանները, անձնական գործերն ու մանկավարժահոգեբանական
եզրակացությունները, կրթական նյութերը:
Այս ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ դիտարկված ոչ
բոլոր երեխաների բժշկահոգեբանամանկավարժական գնահատումն է համապատասխանում նրանց
կրթական իրական կարիքների և զարգացման հնարավորություններին:
Արձանագրվել են դեպքեր, երբ հատկապես ծանր մտավոր խնդիրներ ունեցող
երեխաները ներգրավված չեն եղել դասապրոցեսին: Դեպքեր կան, երբ կոնկրետ երեխաների
զարգացման հնարավորություններն ակնհայտորեն արդյունավետ չեն օգտագործվում, իսկ
առաջարկվող վարժություններն ինքնանպատակ են, պարզապես զբաղեցնելու բնույթ ունեն:
Օրինակ՝ զարգացման թույլ աստիճանի խնդիրներ ունեցող երեխայի
տառաճանաչությունը, ըստ փաստաթղթային արձանագրումների, սահմանափակվում է 12 տառի
իմացությամբ:
Մինչդեռ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների, այդ թվում՝
հոգեբան փորձագետի դիտարկմամբ նույն երեխան ակնհայտորեն ավելի մեծ ունակություններ
և կարողություններ է ունեցել: Այսինքն՝ դիտարկված դեպքերում երեխաների կրթության
իրավունքն արդյունավետ ապահովված չէ: Այս դեպքում առանձին երեխաների կրթական
կարիքները պետք է վերագնահատվեն, որպեսզի առավել թիրախային և իրական կարիքներին
համապատասխան ապահովի նրանց կրթության իրավունքը.
• արձանագրվել են դեպքեր, երբ երեխաները դպրոց են հաճախում
հիմնականում իրենց ընտանիքների սոցիալական վիճակի պատճառով և Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի մասնագետների գնահատմամբ՝ չունեն տվյալ դպրոցում սովորելու
կրթական կարիք: Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ ընտանիքը, գտնվելով կյանքի դժվարին
իրավիճակում և չկարողանալով հոգալ երեխայի կենսական նվազագույն կարիքները, նրա
խնամքը կազմակերպելու նկատառումով կրթության իրացման համար ընտրում է հատուկ
դպրոց: Այս մասին են վկայում նաև երեխաների և դպրոցի անձնակազմի հետ
առանձնազրույցները: Մինչդեռ պետությունը պետք է ապահովի երեխաների կրթական
կարիքների իրական և արդյունավետ գնահատումը, ինչպես նաև ներդնի ընտանիքների
սոցիալական կայունությունը խթանող ծրագրեր, որպեսզի բացառի սոցիալական
դրդապատճառներով հատուկ դպրոցում սովորելու դեպքերը.
• այցի պահին արձանագրվել են, որ առկա են ժամկետանց դեղեր
(«Նո-Շպա» հիդրոքլորիդ 40 մգ՝ պիտանիության ժամկետը՝ մինչև 2021թ. մարտ,
«Մետոկլոպրամիդ» լուծույթ 2 մլ՝ պիտանիության ժամկետը՝ մինչև 2020թ. դեկտեմբեր):
Թեև, բուժանձնակազմի հավաստմամբ՝ դրանք չեն օգտագործվում, սակայն անթույլատրելի է
առհասարակ ժամկետանց դեղերի առկայությունը, առավել ևս երբ դրանք պահվում են
պիտանելիության ժամկետի մեջ գտնվող դեղերի հետ՝ բաց դարակներում.
• դեղորայքը, այդ թվում՝ հոգեմետ, երեխաներին է տրամադրվում նրանց
ծնողների բանավոր տեղեկության հիման վրա՝ առանց դեղատոմսի: Այս պրակտիկան պետք է
բացառվի:
Պետք է միշտ հավաստել, թե երեխային ինչ դեղեր, ում ցուցումով և
նշանակումով են դրանք տրամադրվել, ինչպես նաև ծնողից պահանջել դեղատոմսը, երբ դա
պարտադիր է.
• բուժանձնակազմի պնդմամբ՝ կատարվում է տարեկան սեզոնային գրիպի
դեմ պատվաստում, որի մասին նախորոք տեղեկացնում են երեխաների ծնողներին և ստանում
են նրանց բանավոր համաձայնություն:
Նշվածը որևէ կերպ գրավոր արձանագրվում չի ստանում: Ստացվում է, որ
հնարավոր չէ ստուգել արդյոք երաշխավորվում է պատվաստման կամավորությունը և
իրազեկված համաձայնությունը այն դեպքերում, երբ հնարավոր չէ կապ հաստատել ծնողների
հետ: Մինչդեռ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները ռիսկի խմբերի շրջանում
կազմակերպվում և իրականացվում են կամավոր սկզբունքով:
Նշվածն անթույլատրելի պրակտիկա է պատվաստման գործընթացի
արդյունավետ վերահսկման տեսանկյունից: Սա պետք է սկզբունքորեն բացառել հատկապես
այն պատճառով, որ ոչ միշտ են երեխաների օրինական ներկայացուցիչները ներկա լինում.
• ինչպես պահեստում պահվող, այնպես էլ այցի օրվա դրությամբ
օգտագործված ատամի մածուկները ժամկետանց են եղել.
• պահեստում ապահովված չէ սանիտարահիգիենիկ բավարար վիճակ: Օրինակ՝
բաց վիճակում պահվող նպարեղենի և մկնդեղի միջև շատ փոքր հեռավորություն կար:
Նշվածը խնդրահարույց է այն առումով, որ հնարավոր են դեպքեր, երբ վտանգավոր
թունավոր նյութն անզգուշորեն հայտնվի սննդի պարկերում: Այցի պահին շաքարավազի
պարկում եղել է կարմրավուն հատիկանման զանգված, որն արտաքուստ նման է եղել հատակին
լցված մկնդեղին: Սա արձանագրվել է Պաշտպանի ներկայացուցիչների կողմից և տեղում՝
հեռացվել.
• անկողնային պարագաները և անձնական հագուստի մի մասը, այդ թվում՝
ներքնազգեստն անհատականացված չէ: Ավելին, ըստ աշխատողների՝ նույն հագուստը
լվանալուց հետո կարող են կրել տարբեր երեխաներ: Սա անթույլատրելի է ոչ միայն
սանիտարահիգիենիկ վիճակի, այլ նաև երեխայի արժանապատվության և մասնավոր կյանքի
նկատմամբ հարգանքի տեսանկյունից.
• կարագը և միսը դրված է եղել բաց վիճակում՝ առանց փաթեթավորման:
Այս դեպքում պահպանված չի եղել սննդի պահման պահանջվող պայմանները:
• պահպանված չէ ամենօրյա ճաշացանկում կաթնամթերքի և ձկան
տրամադրման հաճախականությունը,
• դպրոցի աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում նրանց
կողմից իրականացվող և պահանջվող աշխատանքի ծավալներին:
Նշված խնդիրների մի մասն իրենց բնույթով համակարգային են, որոնց
լուծման նպատակով պետությունը պարտավոր է ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր,
որոնք իրապես կերաշխավորեն երեխաների իրավունքները, այդ թվում՝ կրթության
իրավունքի լիարժեք իրացումը: Առկա խնդիրները, այդ թվում՝ կրթական անհրաժեշտ
դիտակտիկ նյութերի ապահովումը հիմնականում լուծվում են դպրոցի աշխատակիցների
բարեխղճությամբ:
Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են և արձանագրված
խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն և դպրոցի տնօրենին։