ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ընդունել է
ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությանը` ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել
Համբարձումյանին, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանին և ԱԱԾ
սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանին:
Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան
սպաներին է ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր 9-ից սկսած Սյունիքում և
Գեղարքունիքում, ինչպես նաև Սյունիքի մի շարք համայնքների միջև ճանապարհներին
ադրբեջանական զինծառայողների արարքներով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների
խախտումների փաստերը:
Այդ փաստերի հիման վրա Պաշտպանը ներկայացրել է Սյունիքի ու
Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու բացարձակ անհրաժեշտությունը:
ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաները նշել են, որ իրենց
գործունեության նպատակներից է հետպատերազմական շրջանում Հայաստանում և Արցախում
մարդու իրավունքների պաշտպանության նպաստելը: Այնուհետև, նրանք ներկայացրել են
իրենց դիտարկումները ՀՀ սահմանային անվտանգության վիճակի հետ կապված` հաշվի
առնելով իրենց երկար տարիների փորձը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոնկրետ
իրավիճակներ: Պահեստազորի սպաների միության անդամները նաև նշել են, որ իրենք
նույնպես արձանագրել են ադրբեջանական զինծառայողների սադրանքները ՀՀ սահմանին,
որոնք պետք է ամեն գնով կանխել, իսկ դրա երաշխիքը նրանց հեռանալն է ՀՀ սահմանային
գյուղերի անմիջական հարևանությամբ վայրերից ու ճանապարհներից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ գերիների
ազատ արձակման և վերադարձի հրատապության հարցերը, փոխանակվել տեղեկություններով ու
կարծիքներով:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում
հատկապես օգտակար էր ԱԱԾ պահեստազորի սպաների վերլուծությունը սահմանային
անվտանգության հարցերով` հաշվի առնելով նրանց երկար տարիների փորձն այս ոլորտում:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, այդ
թվում` կոնկրետ իրավիճակներ հաշվի առնելով: