Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Գեղամ Ստեփանյանը 2021թ. մայիսի 21-ին ընդունել են ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների
և տեղահանված անձանց հանձնաժողովի նշանակած զեկուցող Պոլ Գավանին և ԵԽԽՎ
Միգրացիայի հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Մարկ Նեվիլին, որոնք Հայաստանի
Հանրապետությունում են «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար
հետևանքները» զեկույցի նախապատրաստման շրջանակներում:
Արման
Թաթոյանը կարևորել է հատուկ զեկուցողի հարցով ԵԽ նախաձեռնությունը և այցը
Հայաստան: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հատուկ զեկուցողի
այցը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներ, քանի որ առանց տեղում
ստեղծված իրավիճակին ծանոթանալու, բնակիչների հետ հանդիպելու զեկույցը չի լինի
ամբողջական, օբյեկտիվ ու լիարժեք:
Արցախի
Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր հերթին նշել է, որ մարդու
իրավունքների միջազգային կազմակերպությունները պետք է այցելեն Արցախ՝ այնտեղ ապրող
մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով։ ԵԽԽՎ-ն ինքն ունի բանաձևեր,
որոնցով կարևոր է համարում ԵԽ տարածքում մարդու իրավունքների պաշտպանությունը անկախ պետության ճանաչված լինելուց: Գ.
Ստեփանյանն անդրադարձել է նաև այն հարցին, որ Ադրբեջանը միշտ իրականացրել է Արցախն
արտաքին աշխարհից մեկուսացնելու քաղաքականություն, բայց միջազգային հանրությունը
պետք է նկատի ունենա, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող ազդեցություն
ունենալ մարդու իրավունքների (կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք
և այլն) վրա։
Արման
Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը ներկայացրել են 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր
ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական
հանցագործությունները:
Միջազգային
կառույցներին են ուղարկվել շուրջ 300 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն
հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական
վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման
ու անարգանքի, արգելված զինատեսակների կիրառման վերաբերյալ:
Հայաստանի
ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններն ընդգծել են, որ ադրբեջանական
իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի
քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ՝ Բաքվում 2020 թվականի
սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված
«ցուցահանդես-պուրակի» բացումը: Ավելին, այն, որ ադրբեջանցիների կողմից հայերի
նկատմամբ կայացրած հանցագործություններն ունեն էթնիկ շարժառիթներ և խրախուսվում են
իշխանության մարմինների կողմից, հաստատված է նաև ՄԻԵԴ մի շարք վճիռներով։
Արման
Թաթոյանը ԵԽԽՎ ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի
հայատյաց ելույթների վրա և շեշտել, որ դրանք ավելի են բորբոքում ադրբեջանական
հասարակությունում հայատյացությունը։ Այդ համատեքստում նա ներկայացրել է Ադրբեջանի
նախագահի առավել հաճախ օգտագործվող հայատյաց հայտարարությունները և ցուցադրել
տեսանյութեր, որտեղ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն օգտագործում են
այդ նույն բառերը հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց
խոշտանգելիս:
Հանդիպմանը
Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող
հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների
վարած քաղաքականությունը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության
միջազգային պահանջները, հոգեկան տառապանքներ է պատճառել նրանց ընտանիքներին։
Հատուկ
ընդգծվել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում,
քաղաքականացնում են գերիների ազատ արձակման ու վերադարձի գործընթացը:
ՀՀ
մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է նաև Սյունիքի և
Գեղարքունիքի մարզերում սահմանների հետ կապված լարված իրավիճակին: Նա ներկայացրել
է Սյունիքում և Գեղարքունիքում իր փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ կապված
ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների
անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ
խախտումների հետ:
Ա.Թաթոյանը,
ներկայացելով ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները, եզրահանգել է, որ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները հաստատում են
անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ
անհրաժեշտությունը` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու
նպատակով:
Արցախի
մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԵԽԽՎ զեկուցողի ուշադրությունն է
հրավիրել պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա՝ նշելով, որ
պատերազմի հետևանքով Արցախի 120 համայնքներ մնացել են ադրբեջանական
վերահսկողության տակ, ավելի քան 38 000 մարդ տեղահանվել է այդ համայնքներից, այդ թվում՝
11 000 երեխա։ Տեղահանված բնակչության մի մասը՝ ավելի քան 13000 մարդ, վերադարձել
է Արցախ, իսկ 25000 մարդ դեռևս գտնվում է Արցախի տարածքից դուրս։
Գեղամ
Ստեփանյանը ներկայացրել է տեղահանված անձանց նվազագույն կենսաապահովման պայմանների
և սոցիալական իրավիճակի հետ կապված խնդիրները և ընդգծել միջազգային հումանիտար
աջակցության խիստ կարևորությունը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը
անդրադարձել է նաև ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված վայրերում հայկական
մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման քաղաքականության՝ ներկայացնելով
կոնկրետ օրինակներ։
Հայաստանի
և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները կարևորել են Եվրախորհրդի մարմինների
դերը հետպատերազմյան ժամանակահատվածում մարդու իրավունքների վերականգնման ու նոր
խախտումներ թույլ չտալու հարցում:
Հանդիպման
ավարտին կողմերը հետագա համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել: