Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական
ընտրություններին առնչվող գործընթացները գտնվելու են Մարդու իրավունքների պաշտպանի
անմիջական ուշադրության կենտրոնում. կիրականացվեն ուսումնասիրություններ,
բողոքների ու դիմումների քննարկում Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերով:
Ընտրական իրավունքի երաշխավորումը Մարդու իրավունքների պաշտպանի
գործունեության հիմնարար ուղղություններից է: Այս իրավունքի շնորհիվ են երկրում
ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը:
Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման
հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում
նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։
Այս նպատակի համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերից է
ապահովել վիրավորանքի, հայհոյանքի ու ատելության բացառումը, երկրում
համերաշխության մթնոլորտի երաշխավորումը:
Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին
ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից,
վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից: Հանրային գործիչները, հատկապես
պարտավոր են իրենց արարքներով ու խոսքով օրինակ ծառայել այս հարցում:
Երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց պետք է անվերապահ
հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք
է լինի մարդու իրավունքը:
Պետության բոլոր մարմինները, այդ մարմինների պաշտոնատար անձինք
պետք է նկատի ունենան, որ նրանց ուղիղ պարտավորությունն է իրենց խոսքով ու վարքով
բացառել լարվածության տանող ցանկացած երևույթ՝ վիրավորանքն ու ատելությունը,
հայհոյանքը, բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը:
Համերաշխության մթնոլորտի, մարդու իրավունքների ու յուրաքանչյուրի կարծիքի
նկատմամբ հարգանքի ապահովման գլխավոր պարտավորությունը պետությանն է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը ցույց է
տալիս, որ արդեն սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև տարբեր կողմերի սատարող
կեղծ էջեր ու օգտահաշիվներ: Դրանցով արվում են հայհոյանքներ պարունակող, ագրեսիվ,
անգամ բռնությունը խրախուսող կամ արդարացվող գրառումներ: Այս արատավոր երևույթներն
ավելացնում են լարվածությունը:
Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում իրավապահ
մարմինների արագ արձագանքը իրենց իրավասության տիրույթում հայտնված հարցերին: Այս
հարցով Պաշտպանի աշխատակազմը նրանց հետ կապահովի անհրաժեշտ համագործակցություն և
փոխադարձ կապ:
Մարդու իրավունքների պաշտպանը գործելու է բացառապես իր
իրավասության սահմաններում և աշխատելու է հնարավորինս հրապարակային:
Ի գիտություն բոլորի, ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Պաշտպանի
իրավասության մեջ չի մտնում այն վեճերի լուծումը կամ բողոքների քննումը, որոնք
կոնկրետ գործերով են և ուղղված են մասնավոր անձանց դեմ կամ մասնավոր անձանցից
կոնկրետ պաշտոնատար անձանց պաշտպանելուն:
Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են
լինելու լրագրողների և դիտորդների իրավունքների հարցերը:
Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կգործի
աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև
քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի անկախ մշտադիտարկում:
Քվեարկությանը օրը Պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային
ստորաբաժանումներն աշխատելու են վաղ առավոտից՝ 24 ժամյա ռեժիմով: Կապահովվի արագ
արձագանքը Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին
ստացվող ահազանգերին։
Աշխատանքային խմբի ներկայացուցիչները կգործուղվեն այն մարզեր կամ
համայնքներ, որտեղ չկան մարզային ստորաբաժանումներ։
Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքներ կամ
ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116
կամ (096) 116‑100:
Անհրաժեշտ համագործակցոթյուն կապահովվի նաև Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: