Այսօր
առավոտից Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ համայնքների սահմանային բնակավայրերի բնակիչներից
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինվորականները
հայտնվել են ՀՀ տարածքում, ավելի կոնկրետ՝ Սև լճի տարածքում, ու այդ տարածքից դեպի ՀՀ Սյունիքի
մարզի քաղաքացիական բնակավայրեր ընկած հատվածում:
Ըստ ահազանգերի՝
ադրբեջանական զինվորականներին նկատել է Գորիս համայնքի Վերիշեն գյուղի հովիվը իր մակատեղիից,
որտեղ պահվում են մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ: Ահազանգերով նշվել է, որ հովիվի
մակատեղին գտնվում է բնակիչների կողմից մշտապես օգտագործվող արոտավայրի տարածքում՝
Սև լճից դեպի Վերիշեն քաղաքացիական բնակավայրն ընկած խորության վրա, իսկ Սև լիճն ինքնին
գտնվում է ՀՀ տարածքում:
Ըստ ահազանգերի՝
ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին:
Դրանից
բացի, ինչպես սահմանային բնակիչները, այնպես էլ համայնքային մարմինները ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանին հավաստել են, որ Սև լիճն իրեն հարող արոտավայրերով խորհրդային տարիներից
սկսած մշտապես գտնվել է Հայաստանի տարածքում: Բնակիչների ու համայնքային մարմինների
գնահատմամբ՝ ադրբեջանական զինվորականները Սև լճից անգամ առաջացել են մի քանի կիլոմետր
քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ և տեղակայվել այդ վայրերում:
Ահազանգերից
անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև լրատվության միջոցների ու սոցիալական
ցանցերի հրապարակումների ուսումնասիրություններ: Անմիջապես կապ է հաստատվել ՀՀ զինված
ուժերի և համայնքների ղեկավարների հետ:
Մարդու
իրավունքների պաշտպանի այսօրվա ուսումնասիրությունները հաստատում են, որ Սև լճին հարակից
վայրերն անփոխարինելի նշանակություն ունեն սահմանային բնակավայրերի բնակիչների կենսական
կարիքների համար: Այդ տարածքներն օգտագործվում են՝ որպես արոտավայրեր, ինչպես նաև այդ
վայրերից են գոյանում հարակից համայնքների խմելու և ոռոգման ջրային պաշարները: Ջրերը
օգտագործվում են նաև համայնքների մանր ու խոշոր եղջերավոր կենդանիների համար: Արոտավայրերն
էլ օգտագործվում են անասնապահության համար, ինչն էլ մարդկանց համար ծառայում է՝ որպես
ընտանիքի եկամտի աղբյուր: Խոսքը Տեղ, Սիսիան, Գորիս համայնքների, այդ համայնքների Խնածախ,
Վաղատուր, Խոզնավար, Վերիշեն և մյուս բնակավայրերի մասին է:
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանը վճռականորեն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների
այս արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունեն նրանց
ահաբեկելու նպատակ: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը զրկում է ՀՀ քաղաքացիներին
իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու
հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման
ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար:
Դրանից
բացի, ըստ հաստատման՝ ադրբեջանական զինվորականները տեղակայվել են Սև լճից դեպի քաղաքացիական
բնակավայրերն ընկած տարածքում:
Ադրբեջանական
զինվորականների նկարագրված արարքները բացահայտ սարդանք են ՀՀ բնակչության նկատմամբ:
Նրանց անօրինական արարքների պատճառով այսօր ողջ օրվա ընթացքում մեծ լարվածություն է
առաջացել հայաստանյան հասարակությունում, խաթարվել է մարդկանց հոգեկան անձեռնմխելիությունն
ու անդորրը:
Մարդու
իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ այս անօրինական առաջխաղացումը պետք է դիտարկել
Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների կողմից
հայաստանյան քաղաքացիական մեքենայի վրա քարեր նետելու, Արավուս գյուղի մոտ հայ հովիվին
քաշքշելու և հարվածելու, գյուղացիների մանր ու խոշոր եղջերավոր կենդանիները չվերադարձնելու
և մյուս նման միջադեպերի համատեքստում: Այս արարքները պետք է դիտարկել նաև ադրբեջանական
իշխանությունների կողմից շարունակվող ատելության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում:
Դա վնասում է խաղաղության գործընթացները տարածաշրջանում:
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանն այս հայտարարությունը կուղարկի միջազգային մարմիններին՝ արձանագրումով
այն մասին, որ նկարագրվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի մարզի շուրջ պետք
է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի:
ՀՀ Սյունիքի
մարզի գյուղերի հարևանությամբ ու մարզի համայնքները միավորող ճանապարհներին գտնվող
ադրբեջանական զինվորականները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն:
Անվտանգության
գոտին բացարձակ անհրաժեշտություն է՝ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ
կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը երաշխավորելու նպատակով:
Արման
Թաթոյան
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան