Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ
կատարումը խթանելու գործում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի
նախաձեռնությամբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավմամբ
համատեղ աշխատանքը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը
(ENNHRI) ճանաչել է միջազգային առաջատար փորձ այլ երկրների մարդու իրավունքների
ազգային հաստատությունների համար։
Մասնավորապես, ENNHRI-ն կարևորել է նման համագործակցությունը, որի
արդյունքում, միավորելով տարբեր կողմերի ջանքերը, հնարավոր է դառնում էլ ավելի
բարձրացնել ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը և դրա վերաբերյալ
իրազեկվածությունը:
ENNHRI-ն նշել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը
օժտված է առընթեր խորհուրդներ ստեղծելու լիազորությամբ, որոնց կարող են ներգրավվել
ՀԿ ներկայացուցիչներ ու անկախ փորձագետներ։ Տարբեր ոլորտի մասնագիտացված
ներկայացուցիչների ներգրավվումը խորհրդի կազմում կամ նիստերին հնարավորություն է
տալիս ավելի արդյունավետ քննարկումներ ունենալ։ Խորհրդի օրակարգում Մարդու
իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները քննարկելուց բացի, քննարկվում են նաև
ՀԿ-ների բարձրացրած խնդիրները և առաջարկվում են համատեղ լուծման տարբերակներ։ Նման
նիստերի կարող են հրավիրվել նաև պետական իրավասու մարմինների ներկայացուցիչներ։
Պաշտպանին առընթեր խորհրդատվական խորհրդի նիստերին քննարկման
նպատակով ընդգրկվում են նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացված, բայց դեռևս
չկատարված վճիռները։
ENNHRI-ն արձանագրել է, որ նման քննարկումներից մեկի արդյունքում
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ՀԿ-ի հետ համագործակցությամբ (Հելսինկյան
կոմիտե) համատեղ հատուկ դիրքորոշում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների
կոմիտե` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների
պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական
դատարանի վճռի կատարման հետ:
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը
նշել է, որ նման համատեղ աշխատանքները հնարավորություն են տալիս քաղաքացիական
հասարակության կազմակերպությունների հետ կառուցել կայուն համագործակցություն։
Ծանոթագրություն։ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների
եվրոպական ցանցը (ENNHRI-ն) միավորում է Եվրոպայի 40-ից ավելի մարդու իրավունքների
ազգային հաստատություններ։ ENNHRI-ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու
իրավունքները Եվրոպայի տարածաշրջանում՝ համագործակցում է մարդու իրավունքների
ազգային ինստիտուտների հետ։