ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եմ
պաշտոնական նամակներով ուղարկում Ադրբեջանի նախագահի վերջին ելույթների այն
հատվածները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են:
Այդ ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի
լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի,
Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են,
լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, և իր ելույթներով նա
ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը նոր է
և կրելու է շարունակական բնույթ:
Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու
են հատուկ մոնիթորինգի:
Մեր նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան
բնույթի քաղաքականությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումների, նոր
դաժանությունների լուրջ սպառնալիք է և վտանգում է խաղաղությունն ու
անվտանգությունը:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան