Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի պահանջների` այսօր հրապարակվել են 2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2016 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստվել է նաեւ արտահերթ զեկույց 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ: Այն իրենից ներկայացնում է ուղեցույցային նշանակության փաստաթուղթ, որի հիմքում դրված են ինչպես բողոքների քննարկման ու փաստահավաք աշխատանքների, այնպես էլ մոնիտորինգային գործունեության եւ լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքեր: Այդ արտահերթ զեկույցը կհրապարակվի առաջիկայում:
Այսօր հրապարակված տարեկան հաղորդման ու կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով: