Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես բարձրաձայնել է խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության հետ կապված համակարգային բնույթ ունեցող և տարիներ շարունակ լուծում չստացող խնդիրներ՝ ինչպես հրապարակային ելույթներով, հայտարարություններով, տարեկան հաղորդումներով, այնպես էլ դեռևս 2017 թվականին հրապարակված արտահերթ հրապարակային զեկույցով և այլ եղանակներով:
2020 թվականին Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքներով հիմնականում բարձրացվել են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից անգործություն ցուցաբերելուն կամ գործողությունները ոչ պատշաճ իրականացնելուն, տրված եզրակացությունների և կայացված որոշումների իրավաչափությանը, վերջիններիս կողմից երեխայի՝ իր ծնողի, տատերի, պապերի և այլ ազգականների հետ շփվելու, ծնողների դաստիարակությունը ստանալու իրավունքների իրացումը ոչ պատշաճ ապահովելուն վերաբերող հարցեր:
Ուշագրավ է, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալների համաձայն՝ վերջիններիս 2020 թվականի ընթացքում գրեթե չեն հասցեագրվել դիմումներ և բողոքներ երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության վերաբերյալ: Մինչդեռ, Մարդու իրավունքների պաշտպանին 2020 թվականի ընթացքում հասցեագրվել է 85 գրավոր և բանավոր բողոք՝ 87 անձից՝ Երևանի տարբեր վարչական շրջանների և ՀՀ բոլոր մարզերի (առավելապես՝ Լոռու և Արմավիրի մարզերի) համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների՝ երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեության վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ 2020 թվականի ընթացքում չեն ձեռնարկվել գործուն միջոցներ՝ ուղղված համայնքային մակարդակում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը, խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությանը վերաբերող համակարգային խնդիրների լուծմանը։ Շարունակում է արդիական մնալ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների համար պարբերական բնույթ կրող պարտադիր վերապատրաստումներ չիրականացնելու անթույլատրելի պրակտիկան:
Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության կապակցությամբ Պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկները հիմնականում վերաբերել են հետևյալին.
1. բացառել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների գործունեության կամավորության սկզբունքը, բոլոր համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կազմում ներգրավել վճարովի հիմունքներով աշխատող մասնագետներ, այդ թվում՝ հոգեբան, մանկավարժ և սոցիալական աշխատող.
2. գործուն միջոցներ ձեռնարկել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների մասնագիտական կարողությունների զարգացման, նրանց գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, այդ թվում՝ պարբերական բնույթ կրող պարտադիր վերապատրաստումներ իրականացնելու միջոցով.
3. սահմանել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների կրթական որակավորման շեմի և մասնագիտական կրթության հետ կապված հստակ պահանջներ.
4. սահմանել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների վարքագծի առանձին կանոններ և դրանց խախտման համար պատասխանատվության հստակ միջոցներ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել գործնականում դրանց կիրառումն ապահովելու նպատակով.
5. խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից իրենց գործառույթների չիրականացման կամ ոչ պատշաճ իրականացման համար սահմանել պատասխանատվության հստակ միջոցներ՝ ապահովելով նրանց գործունեության և դրա արդյունքում առաջացող հետևանքների կանխատեսելիություն և որոշակիություն.
6. խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից իրենց գործառույթներն իրականացնելիս ապահովել երեխայի լավագույն շահերին առաջնահերթ ուշադրություն դարձնելը՝ յուրաքանչյուր իրավիճակում անհատական մոտեցում ցուցաբերելով կոնկրետ գործի հանգամանքներին, ինչպես նաև երաշխավորելով իրեն վերաբերող հարցերում երեխայի լսված լինելու իրավունքի իրացումը՝ անկախ տարիքից:
Թեմայի վերաբերյալ մանրամասները՝ Պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ (էջեր 1243-1261):
Պաշտպանի՝ «Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցը: