Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի (ք. Փարիզ) նախագահ Մոհամեդ
Բենալիլուն ասոցիացիայի բոլոր անդամների անունից բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին`
առաջարկելով պահպանել Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքին
առնչվող դրույթը:
Գործող դրույթը սահմանում է, որ յուրաքանչյուր տարի Պաշտպանի
և նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը
չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:
Մոհամեդ Բենալիլուն մտահոգություն է հայտնել այն մասին,
որ այս դրույթի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ փոփոխությունը կթուլացնի հաստատության
գործունեության ընդհանուր արդյունավետությունը և հատկապես նրա կարողությունը՝ որպես
կանխարգելման ազգային մեխանիզմ երկրի ողջ տարածքում ազատությունից զրկման վայրերն արդյունավետ
մշտադիտարկում իրականացնելու համար:
Բացի այդ, ասոցիացիայի նախագահն իր նամակում արձանագրել է, որ
առաջարկվող փոփոխությունը նախաձեռնվել է առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկման
և ներգրավմամբ:
Հաշվի առնելով Փարիզյան և Վենետիկյան սկզբունքները, ՄԱԿ-ի
Գլխավոր ասամբլեայի «Օմբուդսմանի և միջնորդական հաստատությունների դերը մարդու իրավունքների,
լավ կառավարման և իրավունքի գերակայության խթանման և պաշտպանության գործում» բանաձևի
վրա՝ նամակում կոչ է արվել պահպանել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական
օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դրույթը:
Ծանոթագրություն. Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիան
36 ֆրանկոֆոն պետությունների 47 անդամներից կազմված միջազգային անկախ ասոցիացիա է:
Կենտրոնակայանը գտնվում է Փարիզում։ Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի
գործունեության ուղղված է ֆրանկոֆոն օմբուդսմանների հաստատությունների հզորացմանը,
փորձի փոխանակման աջակցությանը:
Ներկայացնում ենք նամակի ֆրանսերեն տարբերակը և հայերեն թարգմանությունն
ամբողջությամբ, որն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։
Հ.Գ. Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի (ք.
Փարիզ) նախագահը ՀՀ Ազգային ժողովի նախագահին բաց նամակ հղելիս տեղեկացված
է եղել, որ Կառավարությունը հետ է կանչել Պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության
երաշխիքները վերացնող նախագիծը, սակայն նամակը գրվել է կանխարգելիչ նպատակով: