Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել
հատուկ կարծիք (amicus brief) Վարչական դատարանի դիմումով վարույթ ընդունված
գործով։
Մասնավորապես, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում
բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության
վերականգնման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ընտանիքի մեկ
անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն
բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա
ընտանիքի մյուս անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու
ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Վարչական
դատարանը դիմումով բարձրացրել է վերոհիշյալ դրույթի սահմանադրականության հարց՝
նշելով, որ առանց բացառության անհապաղության պահանջը հանգեցնում է
Սահմանադրությամբ երաշխավորված անձի պատշաճ վարչարարության իրավունքի
սահմանափակման։
Մարդու իրավունքների պաշտպանը հարցը դիտարկել է անձի կյանքի,
ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքի, ընտանիքում բռնության երևույթի
առանձնահատկությունների կոնտեքստում՝ նշելով, որ առաջնահերթություն տալով պատշաճ
վարչարարության իրավունքի ապահովմանը չպետք է խախտվեն վերոնշյալ իրավունքները։
Հարցը պետք է դիտարկել նաև անհետաձգելի միջամտության որոշման
նպատակի և էության առաջնահերթ հաշվառմամբ։ Ընտանեկան բռնության դեպքերում
առաջնահերթ է իրավապահ մարմինների կողմից արագ և արդյունավետ արձագանքը, ինչը շատ
կարևոր է կանխարգելիչ նպատակներով։ Օրենսդրական նման կարգավորման նպատակն է արագ
իրականացնել իրավունքների անհապաղ պաշտպանություն, ինչպես նաև հնարավոր վտանգների
կանխարգելում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր դիրքորոշմամբ ընդգծել է, որ
դիմումում բարձրացված խնդիրներն առավելապես գործնական, իրավունքների պաշտպանության
և դրանց իրականացման երաշխավորման գործընթացում իրավասու մարմինների
ներկայացուցիչների մասնագիտական պատրաստվածության և կարողությունների հարց է, ինչը
պետք է լուծել դրանց զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով, այլ ոչ թե որոշման
կայացման անհապաղության երաշխիքից բացառություն սահմանող օրենսդրական
փոփոխությունների իրականացմամբ:
Անհետաձգելի միջամտության որոշումների կայացման անհապաղությունից
բացառություն սահմանելով՝ այդ որոշման կայացումը գործնականում կարող էր
իմաստազուրկ դառնալ՝ ելնելով դրա պաշտպանական էությունից ու նպատակից։
2021 թվականին ապրիլի 6-ին ՀՀ սահմանադրական դատարանը
աշխատակարգային որոշում է կայացրել գործի վարույթը կարճելու մասին։
Դատարանը հայտնել է, որ վիճարկվող դրույթների սահմանադրականության
մասին դիմողի հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն վիճարկվող դրույթների
սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որևէ իրավական
դիրքորոշման հետ: Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ օրենքի, վերջինիս
որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության
ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական
համակարգին, և դիմողի կողմից բարձրացված հարցերը լուծելի են օրենքի միատեսակ
կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում:
Կարևոր է, որ Սահմանադրական դատարանը որոշմամբ վերահաստատել է
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, որ վիճարկվող դրույթների
սահմանադրականության վերաբերյալ իրավական դիրքորոշման անհրաժեշտություն չկա և
Վարչական դատարանի բարձրացրած հարցերը լուծելի են օրենքի միատեսակ կիրառման
համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում:
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես կարևորել է Սահմանադրական
դատարանի որոշումներում տեղ գտած դիրքորոշումները, որոնք անձանց իրավունքների ու
ազատությունների պաշտպանության և օրենսդրության կատարելագործման կարևոր երաշխիքներ
են:
Սահմանադրական դատարանի որոշումները կարևորագույն նշանակություն
ունեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի և ընդհանրապես՝ ողջ
իրավական համակարգի կատարելագործման հարցում: Այդ որոշումներում տեղ գտած
դիրքորոշումների սպառիչ իրացումն իրավունքների ու ազատությունների գործուն
պաշտպանության կարևոր երաշխիքներից է:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ (amicus
curiae) ներկայացնելու Մարդու իրավունքների պաշտպանի պրակտիկան ամբողջությամբ
բխում է Եվրոպայի խորհրդի առաջնահերթություններից, այն է՝ Մարդու իրավունքների
եվրոպական կոնվենցիային երկրի իրավական համակարգի առավել համապատասխանեցմանն
ուղղված սուբսիդիարության սկզբունքից:
Պաշտպանի հատուկ կարծիքներն ամփոփում են ինչպես իրավունքների և
ազատությունների վերաբերյալ իրականացված վերլուծությունները՝ սահմանադրական
պահանջների, միջազգային սկզբունքների ու չափանիշների համատեքստում, այնպես էլ
Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված անհատական բողոքների քննարկման և
մշտադիտարկման արդյունքները:
Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ ներկայացնելու պրակտիկան
շարունակական է: